Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆի պաշտպանությունը հայտարարել է, որ անհրաժեշտ պաշտոնական ընթացակարգերից հետո նա արդեն հինգշաբթի կկարողանա լքել երկիրը:
Այսօր երկրի Գերագույն դատարանի կայացրած վճռով՝ նա գրավի դիմաց ազատ կարձակվի տնային կալանքից, որին ենթարկվել էր Բելուջիստան գավառում 2006-ին ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության գործով:
«Նրա տանը գտնվող բանտի աշխատակիցները կհավաքեն իրենց իրերն ու կլքեն այն՝ ցածր ատյանի դատարանից կարգադրություն ստանալուն պես: Մուշարաֆը կարող է Դուբայ թռչել վաղը՝ այն բանից հետո, երբ կատարվեն պաշտոնական ընթացակարգերը»,- փաստաբանի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:









































