Հայաստանի ազգային հավաքականի FAF (First Armenian Front, Առաջին Հայկական Ճակատ) ֆան ակումբը պատրաստվում է «ջերմ» ընդունելություն ցուցաբերել ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականին:
1in.am Sport-ին տրամադրած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.
«Անցել է մոտ մեկ տարի Սոֆիայում կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպումից: Այդ խաղում մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, և բոլոս էլ հիշում ենք բուլղարացի ֆուտբոլիստների սադրիչ ու կեղտոտ խաղը: Կարծես հենց այդ խաղից սկսվեցին մեր հավաքականի անհաջողությունները: Ուղևորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր ՖԱՖ-ի համար:
Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տևեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լևսկի» մարզադաշտի հարևանությամբ եղավ հարձակում ՖԱՖ-ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ:
Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երևանում նրանց կյանքը դժոխքի վերածել»: Արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Բուլղարիայի պատվիրակությունը կլինի Երևանում: Մենք, ինչպես հայտարարել էինք, բուլղարացիներին պատրաստվում ենք կոշտ ընդունելություն կազմակերպել հենց օդանավակայանից:
Այս ամիսների ընթացքում բազմաթիվ երկրպագուներ են ցանկություն հայտնել մասնակցելու նմանատիպ ակցիայի: Այժմ կա հնարավորություն խաղից առաջ ռեալ ճնշում ցուցաբերել մրցակցի ֆուտբոլիստների և Հայաստան ժամանած պատվիրակության մյուս անդամների վրա: Հոկտեմբերի 10-ին, 12:00 Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին կոչ ենք անում միանալ մեզ մետրոյի Բարեկամության կայարանի մոտ գտնվող «Հայաստան» հանրախանութի մոտ:
12:30 ավտոբուսով, մեքենաներով միասին կշարժվենք օդանավակայան (նախատեսված է հետ վերադարձ մետրո Բարեկամություն): Եռագույն դրոշների, շարֆերի և մեքենաների առկայությունը ցանկալի է: Նույն օրը երեկոյան 23:30 Հայաստան-Ֆրանսիա երիտասարդական հավաքականների հանդիպումից անմիջապես հետո շարժվում ենք Հանրապետության Հրապարակ, հավաքվում ենք «Armenia Mariott» հյուրանոցի առջև, «ջերմ» ընդունելությունը շարունակելու… »:








































