Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է երկրի խորհրդարանին՝ իրեն հատուկ լիազորություններ և նախագահական հրամաններ արձակելու իրավունք տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մադուրոն պարզաբանել է, որ հրամաններ արձակելու իրավունքն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի բարելավման համար, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ նախագահը գնում է իր նախորդի՝ Ուգո Չավեսի հետքերով: Ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ այդ իրավունքը ստանալով՝ Մադուրոն, միևնույն է, չի կարող լուծել երկրում պարենամթերքի ճգնաժամը:
Չավեսն իր կառավարման 14 տարիների ընթացքում 4 անգամ ստացել է խորհրդարանից հրամաններ արձակելու իրավունք: Այդպիսով՝ նա մոտ 200 փոփոխություն է մտցրել երկրի օրենսդրությունում, որոնք ուժեղացրել են պետության վերահսկողությունը վենեսուելական տնտեսության վրա:











































