Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքին և ձայների հաշվարկին կհետևեն տեղի քաղաքական կուսակցությունների, շարժումների և հասարակական կազմակերպությունների ավելի քան 52 հազար դիտորդներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազաիր Փանահովին:
«Յուրաքանչյուր տեղամասի բաժին է ընկնում շուրջ 10 դիտորդ, դա շատ լավ է»,- ասել է նա:
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ ընտրություններում դիտորդի կարգավիճակ կարող են ստանալ ոչ միայն քաղաքական կուսակցությունների կամ հասարակական միությունների ներկայացուցիչները, այլև անհատներ, որոնք նման ցանկություն են հայտնել՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
ԿԸՀ-ի ղեկավարի խոսքերով՝ ընտրություններին կհետևեն նաև ավելի քան 1280 միջազգային դիտորդներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին: Նախագահի պաշտոնին հավակնում է 10 մարդ:











































