ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հոկտեմբերի 8-ին ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ մտահոգություն հայտնեց հանքարդյունաբերության ոլորտում «փայ մտնելու» նախադեպերի վերաբերյալ: Լսումներից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե որոնք են այդ նախադեպերը, իսկապե՞ս դրանք կան:
«Եթե օրենսդրական բաց ունենք, ուրեմն նախադեպեր կան, իսկ ինչի, դուք չէիք իմանո՞ւմ, որ «փայ մտնելու» նախադեպեր կան: Համայնքը եթե հողը չի հատկացնում, եթե շահագործողը գալիս է և ինքը ուզում է շահագործում իրականացնի, համայնքի ղեկավարները, բնականաբար, այստեղ լուրջ պրոբլեմներ կարող են ծագեցնել՝ ասելով, որ համայնքը վարձակալությամբ հողատարածքներ չունի»,- ասաց նա:
Հարցին՝ ո՞վ կարող է «փայ մտնել», Այվազյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր կարող են ներդրում կատարել, մյուս պաշտոնյաները «փայ մտնելու» հնարավորություն, տարբերակ չունեն»: Լրագրողներին հետաքրքրեց՝ իսկ կարո՞ղ է պաշտոնյան կաշառք վերցնել՝ «փայ մտնելու» համար, Այվազյանը նշեց, որ ոչինչ չի բացառում. «Նույն կերպ լրագրողն էլ կարող է «փայ մտնել», ասենք կասի՝ մի տասն անգամ վրեդ գրում եմ, պետք է անպայման ինձ էսքան փայ տաք: «Փայ մտնելը», ես այսպես եմ մտածում, եթե որևէ մեկը բիզնեսի շահագործման մեջ փորձի մասնակցել, շատ ողջունելի կլինի»:
Հարցին՝ հնարավո՞ր է գյուղապետերն իրենք «փայ մտնեն», և ո՞ր գյուղում կա նախադեպ, Այվազյանը նշեց, որ ինքն ասում է օրենսդրական բացի տեղը, իսկ իրենից անձի անուն են պահանջում: «Համզաչիմանը գիտե՞ք, դե մոտավորապես նայեք էդ ուղղություններով»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































