Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի «Դիջլե» (թարգմանաբար՝ Տիգրիս) համալսարանի բժշկագիտական ֆակուլտետին ISO 9001 փաստաթղթի շնորհման կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև Դիարբեքիրի հանրապետական դատախազ Դուրդու Քավաքն ու Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը։
Միջոցառման ժամանակ երգչախումբը կատարել է թուրքերեն, քրդերեն, զազայերեն և հայերեն երգեր։ Այդ կապակցությամբ Դուրդու Քավաքն ուշագրավ ինքնախոստովանություն է արել.
«2006 թվականից աշխատում եմ որպես Դիարբեքիրի հանրապետական դատախազ։ Այս ընթացքում տեսանելի առաջընթաց է գրանցվել, մեզ համար երգում են տարբեր լեզուներով։ Եթե այս միջոցառումը տեղի ունենար 2006 թվականին, ապա ես կբոյկոտեի այն և կձերբակալեի այլ լեզուներով երգեր կատարողներին։ Մինչդեռ այսօր ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում այդ փոփոխության համար»։
Հիշեցնենք, որ 20 օր առաջ՝ գարնանային քննաշրջանի ժամանակ, «Դիջլե» համալսարանի գրականագիտական ֆակուլտետի պատմության ամբիոնի կողմից հայերը որակվել էին որպես «դավաճան», «թշնամու հետ համագործակցող» և «թիկունքից հարվածող»:










































