ԱՄՆ-ը և Իրանը սկսել են համագործակցել Աֆղանստանի ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով ռազմավարական հետազոտությունների աֆղանական ինստիտուտի տնօրեն Դավուդ Մորադիանին:
Նա նշել է, որ Աֆղանստանի Հերատ մարզում կայացել է անվտանգության հարցերով խորհրդակցություն, որի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ-ի, Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը քննարկվել են երեք պետությունների փոխգործունեության հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է Աֆղանստանի տնտեսության զարգացումը, այդ թվում՝ երկաթուղիների շինարարությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, պայքարը թմրաբիզնեսի դեմ:
Ամերիկացի և իրանցի ներկայացուցիչները հայտարարել են համապատասխան նախագծերում միջոցներ ներդնելու իրենց պետությունների պատրաստակամության մասին:
Մորադիանի խոսքերով՝ ամերիկյան կողմը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք հաստատվել են ոչ պաշտոնական հանդիպման մյուս մասնակիցների կողմից:











































