Վերակազմավորվող ՀՀՇ կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր կարծիքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի` իր դեմ քվեարկած քվեաթերթիկի առնչությամբ: Նրա խոսքով` երևույթը որոշակիորեն եիրկու ձևով կարելի է մեկնաբանել. նախ` լավ չէ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քայլդ հիմնավորող փաստաթուղթ պետք է ունենաս, բայց այն, ինչ արեց Նիկոլը, անհրաժեշտ էր:
«Ցավոք, մենք մի հասարակություն ունենք, որն ստիպված է իր քայլերի հիմնավորման համար մեթոդներ գտնել»,- ասաց նա:
Այն կարծիքի առիթով, թե նորաստեղծ ՀՀՇ-ն հովանավորվելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, Արարատ Զուրաբյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց` մեկը լինի՝ նրան հովանավորի:
Սակայն նա չժխտեց, որ իր ծնունդին վարչապետը ներկա է եղել. «Բայց իմ ծնունդը ՀՅԴ ժողովների նման փակ միջոցառում չէ, ես հրավիրել էի իմ միջոցառմանը, ավելին՝ որևէ վատ բան դրա մեջ չեմ տեսնում: Մի բան ակնհայտ է. ինչպե՞ս կարող է վարչապետը հովանավորել մի քաղաքական ուժի, որը պայքարելու է նրա վարած քաղաքական կուրսի դեմ»,-ասաց Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ երեկ էլ ինքն է Աղվան Վարդանյանի ծնունդին է մասնակցել:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցին՝ Արարատ Զուրաբյանը նշեց, որ, իր կարծիքով, ամբիոնը, որից նման հարցրադրում է հնչել, այն ամբիոնը չէ, որտեղ նման հարցադրումներ պետք է հնչեն: «Չկիսելով նրա այդ մոտեցումը՝ միաժամանակ պետք է սովորենք, որ ազատ հասարակության պարագայում կարող է հնչել ցանկացած հարց, և պետք է նորմալ մոտենալ այս ամենին»,- ասաց նա:










































