«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՄԱ նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:
– Պարոն Նավասարդյան, նոր եք վերադառնում Քիշնևից, որտեղ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին էիք մասնակցում: Այդ Ֆորումի հայաստանյան պլատֆորմի հետագա գործունեության հետ կապված կա՞ն արդյոք որոշակի հստակեցումներ:
– Պլատֆորմի (ՀԱՊ) շրջանակներում մենք ունեցանք մի քանի քննարկումներ` կապված Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ին հայտնած մտադրության հետ և նոր իրավիճակում մեր անելիքների վերաբերյալ: Եղավ նաև հանդիպում Քիշնև մեկնող պատվիրակների հետ, որոնք պետք է հստակ դիրքորոշումներով, պատրաստված մասնակցեին Ֆորումին: Այդ հանդիպման ժամանակ մշակվեց պլատֆորմի նոր օրակարգի նախագիծ: Բնականաբար, այդ օրակարգը կարիք ունի նաև հաստատվելու ամբողջ պլատֆորմի կողմից, և ինձ թվում է դա տեղի կունենա մոտակա երկու շաբաթվա ընթացքում: Այդ փաստաթուղթը կամրագրի ՀԱՊ-ի գործունեության ուղղվածությունը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանման պայմաններում:
– Ի՞նչ կոնսենսուսի շուրջ եք համախմբվել:
– Հիմնականում խոսքը գնում էր այն մասին, որ մենք հայտնվեցինք մեզ համար նոր իրավիճակում: Եթե առաջ մենք, սկզբունքային հակասություն չունենալով իշխանության ռազմավարական կուրսի հետ, կարող էինք քննադատել այդ կուրսի ոչ բավարար արդյունավետ իրականացումը, ապա այսօր մենք իշխանությունների հետ ունենք էական տարաձայնություն արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հետ կապված: Դա նշանակում է, որ մեր օրակարգը տարբերվելու է պաշտոնական օրակարգից: Մենք, բնականաբար, փորձելու ենք ընդհանուր եզրեր գտնել Հայաստանում բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի, շրջանակների հետ, որոնք ունեն նույն նպատակները, առաջնայնությունները, և փորձելու ենք ամեն դեպքում բոլոր հնարավորություններն օգտագործել այդ նպատակները առաջ տանելու համար: Բացի այդ, մենք մնում ենք շահագրգռված Արևելյան գործընկերության բոլոր առաջնահերթությունների իրականացման հարցում: Այդ առումով համագործակցելու ենք Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական պլատֆորմների հետ: Մեր գործունեության շեշտը դրվելու է հանրային իրազեկման վրա, քանի որ մենք գտնում ենք, որ այն իրավիճակը, որում հայտնվել ենք, մեծ մասով հանրային իրազեկման պակասի արդյունք է: Մարդիկ այսօր հստակ չեն հասկանում, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ ընտրություն է կատարվել, ի՞նչ հեռանկարներ էր Հայաստանին խոստանում Ասոցացման համաձայնագիրը և ի՞նչ է տալու Մաքսային միությունը, ի՞նչ ռիսկեր են պարունակում նոր զարգացումները: Այս աշխատանքը պետք է պլատֆորմի կողմից իրականացվի:
– Պարոն Նավասարդյան, եվրոպացիները կարողանո՞ւմ են «սառը գլխով» Հայաստանի հետ առաջ գնալու նոր ծրագիր մշակել: Մեծ հաշվով, կլինի՞ նոր ծրագրի մշակում և ինչպիսի՞ ծրագիր կլինի դա: Թե՞ ԵՄ-ն միայն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի պայմանագիրը կստորագրվի:
– Սա շատ բարդ խնդիր է, և շատ դժվար է առանց Հայաստանի որևէ հստակ նախաձեռնություն ակնկալել, որ ԵՄ կողմից խոստումնալից առաջարկ կլինի, քանի որ Արևելյան գործընկերության գաղափարը բավականին երկար ճանապարհ է անցել, բարդ պայմաններում է անցնում ասոցացման համաձայնագրերի ստորագրման նախապատրաստումը: Եվրամիությունում այդ կարգի բոլոր որոշումները կայացվում են 28 անդամ երկրների կոնսենսուսով: Եվ հիմա Հայաստանի համար առանձին մշակել և առաջարկել նոր ձևաչափ, որը տարբերվելու է բոլոր եղածներից, շատ ժամանակ և ջանքեր կպահանջի: Մոտակա ժամանակներում շատ դժվար է նման բան ակնկալել: Բնականաբար, փորձեր արվում են, բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք դրանք արդյունքի կհասնեն: Այսինքն՝ հիմա միակ նոր ձևաչափը, միակ օրակարգը, որ կարող է աշխատել ԵՄ հետ, ինչպես նշեցիք, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի պայմանագիրն է, որը, հուսով եմ, կստորագրվի Վիլնյուսի նոյեմբերյան գագաթնաժողովում: Իսկ բազմակողմանի հարաբերությունները արտացոլված են 1995 թվականից գործող գործընկերության և համագործակցության համաձայնագրում: Այլ փաստաթուղթ, այլ ձևաչափ այս պահին գոյություն չունի, և շատ եմ կասկածում, որ այն կձևավորվի մինչև Վիլնյուսը: Փորձեր իրոք արվում են, մենք պլատֆորմի անունից կամ պլատֆորմի անդամ որոշ կազմակերպությունների կողմից չի բացառվում, որ նույնպես առաջարկներ անենք: Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ ցանկացած առաջարկություն բավականին երկար և բարդ բյուրոկրատական ճանապարհ պետք է անցնի:
– Պարոն Նավասարդյան Մոլդովայում ընդհանուր վերաբերմունքը ինչպիսի՞ն է: Ի վերջո, տեսակետ կա, որ եթե Ֆրանսիան և Գերմանիան գան ինչ-որ համաձայնության, մենք հնարավոր է նոր ձևաչափով փաստաթուղթ ստորագրենք նոյեմբերին:
– Այնտեղ չէին քննարկվում ԵՄ առանձին երկրների դիրքորոշումները, բայց բոլորի համար ակնհայտ է, որ եթե Ֆրանսիան ու Գերմանիան գալիս են ինչ-որ ընդհանուր հայտարարի, ապա հաշվի առնելով այդ երկրների կարևորությունը Եվրամիությունում, ավելի հեշտ է կոնսենսուսային լուծում ստանալ այլ անդամ երկրների կողմից: Բայց նախ այդ երկու երկրների կողմից պետք է կատարվի շատ լուրջ աշխատանք, շատ լավ ձևակերպված ու հիմնավորված մոդել պետք է մշակվի Եվրոպական հանձնաժողովի կողմից, որը նաև ընդունելի լինի ԵՄ խոշոր երկրների համար: Եթե դա իրականացվի, կա հնարավորություն, որ ԵՄ այլ երկրներ կհամարեն, որ կարելի է Հայաստանին նոր ձևաչափ առաջարկել: Բայց այդ մշակումը և համաձայնեցումը պահանջում են մեծ շահագրգռվածություն և երկար ժամանակ, ինչը փոքր Հայաստանի դեպքում դժվար է ակնկալել, մանավանդ, որ մեր երկիրը սեպտեմբերի 3-ի հայտարարությունից և հետագա զարգացումներից հետո վատնել է իր նկատմամբ վստահության պաշարը: Չէի ուզենա հուսահատվել, բայց իրատեսորեն նայելով խնդրին մեծ սպասելիքներ չունեմ:
– Պարոն Նավասարդյան, Մաքսային միությունը շատերն են բնորոշում, որ փուչիկ է, քան իրականություն: Իսկապե՞ս կան այդ իրական վտանգները արտաքին կուրսի փոփոխության վերաբերյալ, կա՞ր անվտանգության խնդիր օրակարգում, թե՞ ոչ: Եվ հետագայում, ըստ Ձեզ, Եվրամիության հետ համագործակցությունը ի՞նչ ձևաչափով ճիշտ կլինի:
– Ես ռադիկալ վերաբերմունք ունեմ այս հարցի հետ կապված, գտնում եմ, որ Հայաստանը պետք է ընդունի Մաքսային միությանը միանալու մտադրությունը որպես իր սխալը և պատրաստակամություն հայտնի վերադառնալ ԵՄ հետ հարաբերություններում նախկին մակարդակին: Պարզ է, որ այդ քայլը անմիջապես ծափողջույններով չի ընդունվի Բրյուսելի կողմից, և մենք՝ որպես գործընկեր, դեռ երկար պիտի համոզենք և վերականգնենք վստահությունը մեր նկատմամբ: Ինչ վերաբերում է Մաքսային միության գաղափարին, ապա այն փուչիկ չէ, այն արդեն գործել է վեց տարի երեք երկրների համար: Հայաստանն այդ համատեքստում երկար ժամանակ ընդհանրապես չի ընկալվել որպես լուրջ միավոր, որը պետք է մաս կազմի այդ նախաձեռնությանը: Իմ գնահատմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հայտարարության նպատակը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելն էր: Հայաստանի դեպքում դա Մաքսային միության գաղափարի ամենակարևոր գործառույթն էր: Եվ այդքանով իր բացասական դերը այն կատարեց: Հետագան արդեն կարևոր չէ: Որքան էլ բանակցություններ ընթանան, թե ինչպիսի պայմաններով է Հայաստանը միանում այդ միությանը, կարծում եմ՝ լուրջ արդյունքներ չեն լինի, որովհետև խնդիրները, հակասությունները այնքան շատ են, իսկ Մաքսային միության հեռանկարը այնքան մշուշոտ է այսօրվա երեք անդամ երկրներից դուրս, որ այն, կրկնում եմ, կարող եմ միայն որպես պատրվակ դիտարկել Ասոցացման համաձայնագիրը խափանելու համար: Այս պայմաններում շատ դժվար է ակնկալել, որ մեր հարաբերությունները ԵՄ հետ կունենան այն նույն ընթացքը, նույն արդյունավետությունը, ինչ ունեին մինչև սեպտեմբերի 3-ը: Միակ տարբերակը վերադառնալ և հնարավորինս նվազեցնել այն վնասները, որոնք կրել ենք սեպտեմբերի 3-ի հայտարարության արդյունքում, մեր սխալներն ընդունելն է: Ինչ վերաբերում է անվտանգությանը, այո՛, անվտանգության հարցերը միշտ էլ կային և՛ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համատեքստում, և՛ Մաքսային միության միանալու համատեքստում: Ես բազմիցս ասել եմ, որ այսօր Հայաստանն անվտանգության առումով ավելի բարդ իրավիճակում է հայտնվել, քան մինչև սեպտեմբերի 3-ն էր:
– Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելը և հայտարարելը, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, ոչ ոքի չէ՞ր կարող համոզել և որևէ փոփոխություն չմտցրե՞ց այս ամեն ինչում:
– Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում և հարցերին պատասխանելը նույն տրամաբանության մեջ էին, ինչ մեր քաղաքականությունը մինչև սեպտեմբերի 3-ը: Այսինքն՝ կոմպլեմենտարիզմի տրամաբանության ներքո էր, բայց Հայաստանի գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 3-ից չեն տեղավորվում կոմպլեմենտարիզմի գաղափարի մեջ, որովհետև Հայաստանն այսօր զարգացման ուղիների բազմազանություն և ընտրության հնարավորություն այլևս չունի: Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի փուլում, երբ հետզհետե և անվերահսկելիորեն կորցնելու է իր ինքնիշխանությունը և չունի որևէ հնարավորություն այդ գործընթացը կասեցնելու, քանի որ այլևս չունի ինտեգրման մոդելի առումով որևէ այլընտրանք:
– Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մենք մեր ռազմավարությունը որոշելիս միշտ էլ առաջնորդվում ենք մեր երկրի անվտանգությամբ, որ մենք տարածաշրջանում ունենք լուրջ խնդիր: Արդյոք այս ամենը հաշվի՞ էր առել ԵՄ-ն ասոցացման ծրագիրը մշակելիս:
– ԵՄ-ն բանակցությունների միայն մի կողմն է, բանակցությունների մյուս կողմը՝ Հայաստանը պետք է այս երեք-չորս տարիների ընթացքում հոգար իր խնդիրները: Եվ եթե գտնում էր, որ այս համատեքստում ինքն իր անվտանգության հարցերը չի լուծում (իհարկե ես այդպես չեմ կարծում), ուրեմն այդքան չպետք է բանակցային գործընթացը խորացներ ու հասցներ այն վիճակին, որ մենք այլևս միջազգային ասպարեզում որպես լուրջ երկիր, լուրջ գործընկեր չենք կարող դիտվել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգության հարցին, ապա ես միգուցե կհամաձայնեի պաշտպանության նախարարի հետ, որ ռազմական անվտանգության առումով միգուցե մենք ինչ-որ բաներ կարող ենք շահել, բայց պիտի կրկնեմ բազմիցս արտահայտած միտքը՝ ժամանակակից աշխարհում անվտանգության խնդիրը բացի ռազմական բաղադրիչից, ունի նաև քաղաքական բաղադրիչ: Եվ քաղաքական բաղադրիչը գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Այսօր քաղաքական բաղադրիչի առումով Հայաստանը կորցնում է շատ ավելին, քան ձեռք է բերում ռազմական անվտանգության բաղադրիչը որպես գերակայող գործոն ընտրելով: Եթե համադրենք այդ երկու բաղադրիչների համաչափությամբ, ապա մենք միայն կորցնում ենք: Կա նաև էներգետիկ անվտանգության հարցը, որը միգուցե մոտակա հեռանկարում իրոք շատ արդիական էր, նկատի ունեմ ձմեռ է մոտենում, կա գազի խնդիր և այլն, և այլն, բայց Հայաստանն այդ խնդիրը բանակցային գործընթացում շատ ավելի վաղ պիտի դներ և փորձեր գտնել լուծումներ նաև դիվանագիտական աշխատանք իրականացնելով բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի:








































