Այսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շտապել է տեղեկացնել, որ հատուկ արարողակարգային միջոցառումներ չեն նախատեսվում, դրսից հյուրեր նույնպես չկան:
Բակո Սահակյանի երրորդ կամ անցումային շրջանի նախագահության հարցը քննարկվում է հիմնականում այն համատեքստում, որ խախտվել է երրորդ անգամ չառաջադրվելու ժողովրդավարական նորմը, ինչը լեգիտիմության խնդիրներ է հարուցում և հարվածում է Արցախ միջազգային վարկին: Այս հանգամանքն, իհարկե, առկա է, և այնքան էլ համարժեք չեն Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնյաների պնդումները, թե ամեն բան «թղթով ճիշտ» է, որովհետև այդպես է նաև Ադրբեջանում, որտեղ ավտորիտարիզմը զարգանում է արդեն բանականության կանոններից դուրս: Մյուս կողմից՝ դողում են մի բանի վրա, որը կա, իսկ ԼՂՀ-ն առայժմ չի կարող հպարտանալ իր միջազգային հեղինակությամբ:
Սակայն Բակո Սահակյանի երրորդ ժամկետի կառավարումն ունի ոչ պակաս կարևոր այլ պրոբլեմներ: «Անցումային փուլ» ձևակերպումն արդեն անորոշության բացասական ֆոն է առաջացնում՝ հատկապես այն պարագայում, երբ անորոշության պակաս Արցախում օբյեկտիվորեն չկա՝ պայմանավորված պատերազմի վերսկսման վտանգի, կարգավորման գործընթացի ելևէջների, մեծ հաշվով՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման մշուշոտ հեռանկարի հանգամանքներով:
Այս պարագայում նախագահության «անցումային փուլը» մի տեսակ ստագնացիայի, փակուղայնության տպավորություն է առաջացնում, որն արցախցիներին ակամայից հուշում է, թե առաջիկա երեք տարիներին իրենց կյանքում բեկումնային, որակական փոփոխություններ չեն լինելու: Այս իմաստով Արցախի սահմանադրական փոփոխությունների հեղինակները հաստատ լավագույն լուծումը չեն գտել:
Շատ կարևոր է հասկանալ նաև Արցախում «անցումային փուլի» բովանդակային, խորքային արմատը, որը թաքնված է արդեն ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: Հայաստանում տեղի է ունենում համակարգային տրանսֆորմացիայի շատ բարդ, բազմաշերտ գործընթաց, և, անկեղծ ասած, տպավորություն է, որ անգամ Սերժ Սարգսյանը համապարփակ, ամբողջական պատկերացում չունի նոր իշխանության կոնֆիգուրացիայի հարցում, և շատ քայլեր կատարվում են ոչ թե պլանային տրամաբանությամբ, այլ հընթացս:
Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը, բնականաբար, ժամանակ ու ռեսուրս չուներ զբաղվելու Արցախի նոր իշխանության խնդրով, որովհետև նախագահի փոփոխությունը ԼՂՀ-ում հանգեցնելու էր նոր ներքաղաքական ստատուս քվոյի, շահերի որոշակի բախման արցախյան էլիտայում: Բակո Սահակյանի անցումային կառավարմամբ կամ ԼՂՀ ներքաղաքական ստատուս քվոյի պահպանմամբ Սերժ Սարգսյանը ժամանակավորապես լուծեց խնդիրը՝ Արցախի նոր իշխանության ձևավորման հարցը ըստ էության ենթարկեցնելով Հայաստանում նոր համակարգի ձևավորման տրամաբանությանը:
Նույն մոտեցումը գործեց նաև Երևանի քաղաքապետի պարագայում, երբ Սերժ Սարգսյանն արագ հայտարարեց Տարոն Մարգարյանի թեկնածությանը սատարելու մասին, որպեսզի համակարգային տրանսֆորմացիայի փուլում Երևանի քաղաքապետի պաշտոնը չդառնա ներիշխանական կռվախնձորի թեմա:
Երևանի պարագայում նման մոտեցումը նույնիսկ արդարացված է, որովհետև մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ իր քաղաքական և վարչական ազդեցությամբ, չի կարող դուրս դրվել մեծ համակարգի զարգացումների համատեքստից: Արցախի պարագան միանգամայն տարբեր է, որովհետև եթե հայկական դիվանագիտության առաջնահերթություն է համարվում ԼՂՀ միջազգային ճանաչումը, ապա վերջինիս իշխանությունը չի կարող լինել հայաստանյան համակարգի սեգմենտը: Արցախի միջազգային սուբյեկտության ճանաչմանը երբեք չենք կարող հասնել, եթե Ստեփանակերտը լիարժեք սուբյեկտ չէ անգամ Երևանի հետ հարաբերություններում:
Այս համատեքստում ենք արձանագրում, որ այսօր Ստեփանակերտում երդմնակալություն է՝ Արցախի սուբյեկտության հաշվին:








































