Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղում Երևանում երեկ երեկոյան 1:4 հաշվով զիջել է Դանիային: Պարտության դառնությունը թերևս այդքան ընդգծված չլիներ, եթե զուգահեռաբար ընթացող ընտրական հանդիպմանն Ադրբեջանը 5:1 հաշվով չհաղթեր Սան-Մարինոյի հավաքականին:
Իհարկե, Սան-Մարինոն ու Դանիան համարժեք մրցակիցներ չեն, մյուս կողմից` Ադրբեջանն իր խմբում երրորդ տեղում է` շրջանցելով Չեխիայի և Նորվեգիայի կարգի հավաքականների, մերոնք առաջ են միայն ոչ եվրոպական և ոչ ֆուտբոլային Ղազախստանից: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանս չունեն ոչ մեր հավաքականը, ոչ էլ` Ադրբեջանի ընտրանին, սակայն վերջինս ձևակերպել է եվրոպական հավաքական դառնալու անթաքույց ամբիցիա` ի տարբերություն Հայաստանի, որն իր կազմում ունի եվրոպական մակարդակի աստղ, բայց հավակնությունները հավասարեցված են ոչ ֆուտբոլային նշաձոշի:
Ֆուտբոլն ամենապոպուլյար մարզաձևն է և նրանով կարող ենք պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների, ամբիցիաների մասին: Երեկվա խաղի ավարտին երկրպագուները վանկարկել են «Նեմե՛ց, հեռացի՛ր», պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Տարիներ առաջ սա կարող էր նույնիսկ խիզախություն թվալ, հիմա` ոչ: Երեկվա «Նեմե՛ց, հեռացի՛ր»-ը շատ նման է ընդդիմության «Սերժ, հեռացիր»-ին, մի կարգախոս, որն ակտուալ էր 2008-10-ին, նույնիսկ` 2013-ին, սակայն` ոչ հիմա: Հայաստանը սպառել է կոնկրետ պաշտոնյաների հեռացումով կամ պաշտոնանկություններով իրավիճակ փոխելու ռեսուրը:
Սերժ Սարգայանի հեռացումը ոչինչ չի տալու, երբ երկրում չկա իրական այլընտրանք և նույնն է մնալու համակարգը, որը մի Սերժ Սարգսյանին փոխարինելու է մեկ այլ` գուցե ավելի վատ Սերժ Սարգսյանով: Երբ երկրում չկան պահանջատեր հասարակություն և ընդդիմություն, ապա Սարգսյանի հեռացումը, մեծ հաշվով, լինելու է նրա անձնական որոշումը, կամ ծայրահեղ դեպքում` կապիտուլյացիան համակարգի առաջ, ինչն ոչ թե փոփոխության, այլ` անկայունության և անորոշության ազդակ է: Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ ակնարկել է, որ շուտով հեռանալու է: Ֆուտբոլն էլ մեծ համակարգի բաղկացուցիչ է և գործում է, ըստ էության, նույն տրամաբանությունը:
Հայրապետյանը հեռանալու է ոչ թե ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների դժգոհության կամ «ֆուտբոլային այլընտրանքի» հետևանքով, այլ որովհետև այդ մինի օլիգարխիկ համակարգը «ծյունինգի» կարիք ունի: Երբ ֆուտբոլային տնտեսությունում որևէ մեկը չի ներկայացրել զարգացման ծրագիր, ապա մի Նեմեցին փոխարինելու է մյուսը, օրինակ` ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Սամվել Ալեքսանյանը, որի «Մոնոպոլիստ» հավաքածույում պակասում է միայն ֆուտբոլը: Քանի դեռ մեր հասարակությունը չի գիտակցել, որ փոփոխությունների երաշխիքը` դիսկուրսն ու այլընտրանքն են, անձերի հեռացումն ոչինչ չի փոխելու`ճիշտ այնպես, ինչպես մարդկանց կյանքը չփոխվեց, երբ Բաղրամյան 26-ում Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրան` Սերժ Սարգսյանը:











































