Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սուրեն Մկրտչյանի ու ևս վեց ամբաստանյալների գործով դատավարությունը:
35-ամյա Սուրեն Մկրտչյանը՝ Սուրոն՝ ինչպես նրան անվանել են շրջապատում, զինծառայող է եղել, բարձրաստիճան սպա: Նա ուսումնական գումարտակի հրամանատար էր, կոչումով՝ փոխգնդապետ:
Բայց նրան, ելնելով այս քրեական գործով առաջադրված մեղադրանքից, կարելի էր մեծ «տեղափոխողի» կոչում նույնպես շնորհել: Քանզի նա, չնայած ի պաշտոնե լիազորություն չի ունեցել, բայց ի սրտե ցանկացել է «օգնել» այն սպաներին, ովքեր մի զորամասից մյուսը տեղափոխվելու բուռն, օրենքը շրջանցելու աստիճան ուժգին ցանկություն են ունեցել՝ անձնական, ընտանեկան կամ այլ հնարավոր պատճառներով:
Փոխգնդապետ Մկրտչյանը մի անլեգալ «տեղափոխությունների բյուրո» է հիմնել, ունեցել իրեն ու հնարավոր «հաճախորդներին» կապող մի օղակ՝ Մատինյան ազգանունով ծառայակից, ծառայությունների սակագների «փաթեթ» է կազմել ու նետվել երիտասարդ սպայակազմին «աջակցելու»:
Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, կաշառքի պատրվակով գումարներ է կորզել տեղափոխության համար ծանոթ փնտրող, իրենց հարցը ամեն գնով լուծելու պատրաստ սպաներից ու նրանց հարազատներից:
Սուրեն Մկրտչյանը մեղադրվում է ոչ թե կաշառք վերցնելու, այլ խարդախության համար՝ հինգ ավարտուն ու մեկ չավարտված դրվագներով:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են ևս վեց ամբաստանյալներ, ովքեր կամ որպես կաշառք գումար են փոխանցել Մկրտչյանին, կամ կազմակերպել են նման գումարի փոխանցումը:
Ամբաստանյալների մեծ մասը, այդ թվում ինքը՝ Սուրեն Մկրտչյանը, բարձրագույն զինվորական կրթությամբ երիտասարդներ են, ովքեր, ցավալի է, բայց պատրաստակամորեն «ինտեգրվել են» մեր երկրում ծանոթով ու կաշառքով գործ լուծելու անմահ համակարգին:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հուլիսին զորամասի ավտոծառայության պետ, մայոր Հովհաննես Հովհաննիսյանը Վոլոդյա Հարությունյանի տեղափոխումը մի զորամասից մեկ ուրիշ զորամաս տեղափոխելու հարցը կարգավորելու համար Սուրեն Մկրտչյանին 6 հազար դոլար փոխանցելու գործով կազմակերպական, խորհրդատվական «աշխատանք է տարել»:
Վլադիմիրի հայրը՝ Գագիկ Հարությունյանը, որդու տեղափոխման համար ոչինչ չի խնայել, վեց հազար դոլարը Արթուր Մատինյանին է հանձնել, որ նա էլ փոխանցի Մկրտչյանին:
Վլադիմիր Հարությունյանի, ինչպես նաև այս գործով անցնող մյուս բոլորի տեղափոխումը չի իրականացվել: Մայոր Հովհաննես Հովհաննիսյանը նույն Մկրտչյանի միջոցով ցանկացել է լուծել նաև իր տեղափոխման հարցը, ինչի համար 2012 թվականի հուլիսին Մատինյանի միջոցով Մկրտչյանին փոխանցել է 1500 դոլար: Այսինքն, այս գործով կազմակերպական «գործառույթ» ստանձնած սպաները հավատացել են, որ Մկրտչյանը կկարողանա տեղափոխման հարց գլուխ բերել, և նրանք իրե՛նց տեղափոխման խնդրով ևս դիմել են «ամենակարող» Մկրտչյանին, գումարներ են տվել:
Ամբաստանյալի աթոռին են և՛ մայոր Հովհաննիսյանը, և՛ որպես կաշառք Մկրտչյանին գումար փոխանցած Գագիկ Հարությունյանը:
2012 թվականի դեկտեմբերին, ըստ մեղադրանքի, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գևորգ Մարգարյանը Արթուր Մատինյանի միջոցով Սուրեն Մկրտչյանին է փոխանցել 5 հազար դոլար՝ իր տեղափոխության հարցը լուծելու համար:
2013 թվականի հունվարին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Դավիթ Սարգսյանը համոզել է իր հարազատներին, որ ծանոթ բարձրաստիճան սպան ընդամենը 3 հազար դոլարով կարող է կարգավորել իր տեղափոխությունը:
Դավիթի հորեղբորորդի Սամվել Սարգսյանը Մատինյանի միջոցով Մկրտչյանին է փոխանցել երեք հազար դոլարը: Այս գործի կազմակերպմանը նպաստելու համար ամբաստանյալի աթոռին են Դավիթ Սարգսյանը, Սամվել Սարգսյանը և կապիտան Տիգրան Խաչատրյանը:
2013 թվականի փետրվարին Ներսիսյանի տեղափոխության կազմակերպման համար Մատինյանի միջոցով Մկրտչյանին փոխանցվել է 2 հազար դոլար:
2013 թվականի մարտի 23-ին Արման Ավետիսյանի տեղափոխության համար հենց Արման Ավետիսյանից 1000 դոլար վերցնելուց անմիջապես հետո Սուրեն Մկրտչյանը բռնվել է ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից:
Արմանի հարցը հազար դոլարով չէր «լուծվելու», նա Մկրտչյանին «պարտք էր մնացել» 1500 դոլար, տված հազարն էլ պարտք էր վերցրել կնոջ բարեսիրտ մորաքրոջից: Բայց 1500 դոլար ճարելու կարիքը Ար մաննայդպես էլ չունեցավ, որովհետև Մկրտչյանի խաբեությունների շղթան բացահայտվեց, իսկ իրենց հարմար ծառայավայրեր տեղափոխվելու՝ որոշ սպաների հույսերը մնացին չիրականացված:
Այսօրվա նիստի սկզբին ամբաստանյալները միահամուռ հայտարարեցին, թե իրենց մեղավոր են ճանաչում և միջնորդում են գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:
Մեղադրող Պ. Գյուլումյանը չառարկեց:
Բայց կատարվեց մի բան, որ հաճախ չի պատահում. նախագահողը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Մկրտչյանից բացի՝ մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ կասկածներ կան՝ արդյո՞ք ճիշտ քրեաիրավական գնահատական է տրվել ամբաստանյալների արարքին, նրանց կատարածը հանցափո՞րձ է, թե՞ ավարտուն հանցագործություն:
Այնպես որ, այս գործը քննվում է ընդհանուր կարգով:
Այս պարագայում ամբաստանյալներից ոմանք՝ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ արդեն հրաժարվեցին դիրքորոշում հայտնելուց, ձեռնպահ մնացին միանշանակ իրենց մեղավոր ճանաչելուց:
Այսօր հարցաքննվեցին դատարան ներկայացած վկաները՝ հիմնականում զինծառայողներ:
Առավել հետաքրքիր էր Արթուր Մատինյանի անձը, ով հանցագործության բոլոր դրվագներում եղել էր գլխավոր ամբաստանյալին՝ Սուրեն Մկրտչյանին գումարներ փոխանցողը:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, նա ամբաստանյալի աթոռին չէ, այլ վկա է՝ ըստ երևույթին, հանցագործության բացահայտմանն աջակցելու կամ նման մի հիմքով:
Մատինյանն իրեն «անշահախնդիր միջնորդ» անվանեց՝ հավաստիացնելով, թե Սուրեն Մկրտչյանի պահանջած գումարների համար տարբեր մարդկանց հետ, տարբեր վայրերում հանդիպումներ է ունեցել, գումարները վերցրել ու Մկրտչյանին է փոխանցել՝ առանց որևէ շահ ունենալու: Որպես «բարեգործական ակցիա»՝ միգուցե:
Սուրեն Մկրտչյանը վկայություն տվող իր նախկին միջնորդին ամբաստանյալի տեղից էր նայում ու՝ նկատելի քամահրանքով: Ըստ որոշ շրջանակների՝ երևի թե հանցանք կատարելը, խաբեությամբ գումարներ հափշտակելը ավելի հարգելի է, քան կատարած հանցավոր արարքները խոստովանելն ու ամեն մեկի կատարածի մասին անկեղծորեն հայտնելը: Իհարկե, ոչ առանց «պարգևատրման»:
Դատական հաջորդ նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները:
Նրանցից միայն Սուրեն Մկրտչյանն է կալանքի տակ, իսկ 57-ամյա Գագիկ Հարությունյանի, 28-ամյա Գևորգ Մարգարյանի, 24-ամյա Դավիթ Սարգսյանի, 27-ամյա Սամվել Սարգսյանի, 28-ամյա Տիգրան Խաչատրյանի, 32-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































