Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեֆոլտի շանսերը գնահատում է շատ ցածր, չնայած նախագահ Բարաք Օբաման և հանրապետականները դեռևս չեն ցուցաբերում հաշտեցման որևէ նշան: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կառավարության մասնակի «անջատման» ազդեցությունը տնտեսության վրա չի կարող լուրջ լինել կարճաժամկետ հեռանկարում, էֆեկտը ի հայտ կգա աստիճանաբար՝ ժամանակի ընթացքում: Այս մասին հայտարարել է Moody’s-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեյ ՄաքԴենիելը:
Հանրապետականները պահանջում են, որպեսզի դեմոկրատները համաձայնեն հետաձգել բժշկական ապահովագրության մասին Obamacare օրենքի իրականացումը: ՄաքԴենիելը նշել է, որ իրենք դեռ կարծում են, որ կա պետպարտքի վերին թույլատրելի շեմի շուրջ իրավիճակի կարգավորման հնարավորություն: «Եթե նույնիսկ պետպարտքի առաստաղը չբարձրացվի, մենք կարծում ենք, որ գանձապետարանը կարող է իրականացնել առաջնահերթ վճարումները»:
Ինչպես սպասվում է, հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը կունենա մոտ 30 մլրդ դոլար, մինչդեռ հաջորդող օրերի ծախսերը կկազմեն մոտ 60 մլրդ դոլար: Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ դեֆոլտի հետևանքները կլինեն աղետալի և կտևեն տասնամյակներ:










































