Գոյության համար պայքարող BlackBerry-ն բանակցություններ է անցկացնում Google-ի, Cisco-ի և SAP-ի հետ՝ իր բիզնեսի լիարժեք կամ մասնակի վաճառքի մասին: Գործարքը կարող է դառնալ սեպտեմբերին Fairfax Financial հոլդինգի հետ կնքած նախնական համաձայնագրի այլընտրանք: Reuters գործակալության տեղեկություններով՝ BlackBerry-ի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում Intel-ը, ինչպես նաև մի քանի ասիական ընկերություններ, այդ թվում՝ LG-ն ու Samsung-ը:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Faifax-ը, որին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը, կանադական ընկերության հետ պայմանավորվել էր 4.7 միլիարդ դոլար արժեթղթերի 90 տոկոսի գնման մասին:
Համաձանագրում ասվում էր, որ 6 շաբաթվա ընթացքում, քանի դեռ Fairfax-ը կզբաղվի ֆինանսավորման որոնմամբ, BlackBerry-ն իրավունք ունի քննարկել այլընտրանքային առաջարկներ: Եթե BlackBerry-ն մինչև նոյեմբերի 4-ն այլ գնորդ գտնի, նա պարտավոր կլինի ավելի քան 150 մլն դոլար տուգանք վճարել:
Հնարավոր գործընկերները գործարքին զգուշությամբ են մոտենում, քանի որ ընկերության ակտիվները կարող են լրջորեն էժանանալ: Անցած ամիս արտադրողը հայտնել է մոտ 1 միլիարդ դոլարի կորստի մասին:









































