Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Մկրտչյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Շենավան համայնքի ավագանու որոշմամբ նույն համայնքի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին, որպես անապահով ընտանիքի, համայնքի կողմից հատկացվել է 500 հազար դրամ:
Արմավիրի մարզի Շենավան համայնքի 33-ամյա ղեկավար Արթուր Մկրտչյանը սոցիալական օգնության այդ գումարից Եղիազարյաններին անձամբ տվել է 300 հազար դրամ, իսկ մնացած 200 հազար դրամով պարտավորվել է կատարել հողի հարկի դիմաց այդ ընտանիքի ունեցած պարտքի մարումը:
Սակայն համայնքի ղեկավարը անապահով ընտանիքին չտված 200 հազար դրամ գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:
Գործը քննելով արագացված ընթացակարգով՝ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Արթուր Մկրտչյանն ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է, նա բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է:
Արթուր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտվել 800 հազար դրամ տուգանքի՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման:











































