Եթե Թուրքիան ինձ համար թշնամի երկիր է, Ռուսաստանը նրանից հեռու չէ: Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը, թե՛ Ադրբեջանը նույն հարթակի վրա են ինձ համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը:
«Ամեն ինչ արվում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցնեն: Եվրոպան դերասանություն է անում, հատուկ է վատանում Թուրքիայի հետ, որ թուրքերին բրդեն քցեն ռուսների գիրկը, և առաջին նպատակը հենց մեր դեմ է: Փիլիսոփա Գումիլովը ժամանակին ասել է՝ ռուսները թուրք ազգի հետ ինչ-որ հարց պետք է լուծեն, և ծրագիրն այսօր աշխատում է: Պանթուրքիզմը ծնվել է Ռուսաստանում (Թաթարստան): Բայց դա ինձ չի հուզում, ռուսներն էլ, թուրքերն էլ կործանվելու են»:
Անդրադառնալով դաշնակից ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործարքին, Արկադի Կարապետյանը հռետորական հարց բարձրացրեց. «Ձեր ավագ եղբայրը ձեր թշնամուն դանակ կտա՞, որ ձեզ սպանի: Ինչքան ուղեղներին զոռ են տալիս, որ մի բան հնարեն, բայց կյանքը այլ բան է ցույց տալիս, ոնց որ ձեռ առնեն»:
Կարապետյանը զգոնության կոչ է անում. «Հեքիաթները շարունակվում են, մարդիկ մի օրով են ապրում և այդ մարդկանց համար են հեքիաթները: Էս ազգն իր առաջ խնդիր դրած չունի: Դա կոչվում է լիբերալիզմ: «Հռոմից ավելի կաթոլիկ ենք ուզում երևալ Եվրոպայում»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ ազգ ասելով՝ նկատի ունի ԼՂ-ն, Հայաստանն ու Սփյուռքը:
Արկադի Կարապետյանի խոսքերով՝ մեր ազգի պոտենցիալը մեծ է, բայց այն մենք չենք օգտագործում:
Ինչ վերաբերում է վերջերս արած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտարարությանը, Կարապետյանը նկատեց. «Մեր դիվանագետները դրա համար փող են ստանում, թող ընդեղ պինգ-պոնգ խաղան, հոգլանդները կգան կգնան: Էն գլխից սխալ ճանապարհի վրա ենք»:
Արկադի Կարապետյանը կարծում է, որ նույնիսկ դիվանագիտական հանդիպումները ԼՂ խնդրին լուծում չեն տալիս. «Ուզենք թե չուզենք, մենք ենք լուծելու, մեր նախնիները չպահեցին, մենք ենք պահելու: ԼՂ կարգավորումը ՀՀ և ԼՂ իշխանություններն ու ես, ու ինձ հետ միասին ղարաբաղցիների 90 տոկոսը տարբեր ձև են պատկերացնում»:











































