Երևանում այսօր բացվում է «Երևան Սիթիի» վերածված Փակ շուկան: Սա շատ դժվար է որակել այլ կերպ, քան ազգային և պետական խայտառակության բացում: Փակ շուկան հանրապետության գլխավոր օլիգարխներից մեկը՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, այսպես ասած վերանորոգեց ի հեճուկս Հայաստանի քաղաքացիների պահանջների՝ պահպանել ճարտարապետական հուշարձանը: Սամվել Ալեքսանյանի կատարածի անօրինականությունը ընդունեցին նաև պետական մարմինները, սակայն ոչ ոք ոչինչ չձեռնարկեց դա կանխելու համար, և Ալեքսանյանը, ըստ էության, արեց այն, ինչ ինքն էր ուզում, ինչ իրեն էր հարմար: Այսինքն՝ Ալեքսանյանը պարզապես թքեց պետության վրա, թքեց օրենքի վրա, և այս ամենով հանդերձ՝ իշխանություններն ընդամենը պատասխանեցին, թե «անձրև է գալիս»:
Փակ շուկան, որ վերածվել է իշխանությունների հովանավորյալ և սիրելի օլիգարխի առետրի կենտրոնի, այսուհետ լինելու է Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանության գոյության խորհրդանիշը, լինելու է Հայաստանում պետականության չգոյության, պետականության հանդեպ արհամարհանքի խորհրդանիշը, լինելու է Հայաստանում ժողովրդից խլված իշխանության խորհրդանիշը: Եվ ըստ այդմ՝ Փակ շուկան երևի թե կարող է դառնալ նաև յուրօրինակ քաղաքացիական չափանիշ, չափանիշ պետության հանդեպ վերաբերմունքի, պետականության հանդեպ հարգանքի: Չափանիշ այն իմաստով, որ պետություն, օրենք հարգող, օրինական, իրավական պետության մասին երազող քաղաքացիները պետք է պարզապես բոյկոտեն այդ նոր առևտրի կենտրոնը: Բոյկոտեն ոչ թե այն պատճառով, որ այն պատկանում է օլիգարխի, այլ որովհետև այդ օլիգարխը այն կառուցել է օրենքի խախտումով և այդ ամենն էլ հովանավորել են իշխանությունները: Այսինքն, ըստ էության, պետության և պետականության հանդեպ խայտառակ ու անհարգալից վերաբերմունքի, ուզուրպացված իշխանության, ժողովրդից խլված իօշխանության և հասարակական կարծիքի վրա պարզապես թքած ունենալու խորհրդանիշից Փակ շուկան Հայաստանի հասարակությունը կարող է վերածել քաղաքացիական գիտակցության վերածննդի խորհրդանիշներից մեկի՝ պարզապես վերաբերմունք ցուցաբերելով անօրինականության հանդեպ և բոյկոտելով նորաբաց առևտրի կենտրոնը:
Սա բացահայտ հանդգնությամբ հասարակությանն ու պետականությանը նետված ձեռնոց է, մարտահրավեր, որն առաջինը չէ, սակայն իր տեսակի և արտառոցության առումով ամենահանդուգններից մեկն է: Հետևաբար հասարակությունն էլ պետք է համարժեք պատասխան տա այդ ձեռնոցին և ցույց տա, որ ինչքան էլ օլիգարխիա-իշխանություն տանդեմը փորձի ոչնչացնել պետականության տարրերը Հայաստանում, միևնույն է, ամենակարևոր բաղադրիչը՝ քաղաքացիականությունը, չի հաջողվելու ոչնչացնել, հետևաբար չի հաջողվելու անդառնալի զավթել պետությունը, և տանդեմի հաղթանակները զուտ ժամանակավոր են:











































