ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնից հեռանալով տարել է նաև իր՝ «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան, որի վրա փակցված էր 001 ՏՕ 01 ծառայողական համարանիշը: Այս մասին այսօր գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արդեն ունի իր մեքենան՝ Mercedes Benz G 500 (Յաշիկ բրաբուս):
Այս մեքենան Գևորգ Կոստանյանը վարում էր նաև ՀՀ զինդատախազ աշխատելու ժամանակ:
ՀՀ գլխավոր դատախազին պատկանող ծառայողական համարանիշները՝ 001 ՏՕ 01, արդեն իսկ փակցված են այդ ամենագնաց ջիպի վրա:
Ստացվում է, որ թե նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, թե նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չեն բարեհաճում օգտվել պետության կողմից հատկացված ավտոմեքենաներից և որպես ծառայողական ավտոմեքենա՝ օգտագործում են իրենց անձնական ավտոմեքենաները:
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ դատախազության լրատվական ծառայություն փաստացի դեռ գոյություն չունի:









































