«Պանրի շուկայում գործունեության կասեցմանը հանգեցնող խախտումներ չենք հայտնաբերել, որոշ կառուցվածքային անհամապատասխանություններ եղել են, բայց դրանք մարդկանց առողջության համար վտանգավոր չեն»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը։
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդի ներկրման մասին լրագրողների հարցերին անդրադառնալով՝ Գ.Գրիգորյանը նշեց, որ եթե վտանգավոր լինի, կառավարությունը միանշանակ կարգելի դրանց ներկրումը։ «Մենք կոչված ենք վերացնելու արատները։ Մենք շարժվում ենք՝ ելնելով ռիսկային գործոնից, ռիսկերը ենթարկում ենք կատեգորիզացիայի»,- իր խոսքում հայտնեց Գ.Գրիգորյանը։ Իսկ լրագրողներից մեկի բերած օրինակին, երբ հյութի տուփի պահպանման ժամկետը ցույց տվող հատվածում փակցված էր բաղադրության թերթիկ, նորանշանակ պետը բնավ հետաքրքրությամբ չարձագանքեց, ավելին՝ միայն լրագրողի զարմանքից հետո որոշեց ասուլիսի վերջում տեղեկանալ, թե որտեղից է գնել հյութը։
Մինչդեռ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց. «Այլևս չպետք է մտնել այդ խանութ, որտեղ վաճառում են այդօրինակ վտանգավոր սնունդ։ Ժամկետը ցույց տվող հատվածում փակցնելով բաղադրության թերթիկը՝ անվտանգությունը չեզոքանում է»: Ապա հավելեց, որ կյանքում որևէ բան պատահական չի լինում, լինում է միայն այն ժամանակ, երբ անտառում դաշնամուրը թփի տակ է»։











































