Այսօր Ստեփանակերտում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնամոռաց ողջագուրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կարծես` գտած լիներ տարիներով կորցրած եղբորը: Ընդամենը երկու օր առաջ տեղի է ունեցել «Ժառանգություն» վարչության նիստ, որի ընթացքում Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի կախումը համարվել է կուսակցության առաջնահերթություն:
https://www.youtube.com/watch?v=6j2gOP3owcw
Բնավ չենք զարմանա, որ այս լույսի ներքո կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածի, որ այսօր տեղի ունեցածն ընդամենը հրաժեշտի ողջագուրում էր: Կամ գուցե «Ժառանգությունում» տեղի ունեցածը կապեն օրվա խորհրդի հետ և հիմնավորեն, որ Սարգսյան-Հովհաննիսյան ողջագուրումն ուղղված է Արցախի միջազգային ճանաչմանը և համազգային միասնության դրսևորում է:
Վերջապես` կարող է պարզվել, որ «Ժառանգությունն» ընդդիմություն է Սարգսյանին, իսկ դրա սահմաններից դուրս քաղաքական հարաբերություններն այլ բնույթ ունեն: Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ այլևս չի զարմացնում: Այդպես է 2013-ից հետո, երբ նա ընտրություններից հետո նախագահականում կայացած հանդիպման ժամանակ հետաքրքրված էր ընդամենը Սերժ Սարգսյանի որպիսությամբ, իսկ դրանից երեսուն րոպե հետո նրան անհեթեթ վերջնագիր էր ներկայացնում Ազատության հրապարակից:
Միայն Րաֆֆին կարող էր Ծիծեռնակաբերդի հայտնի խմբային աղոթքով վարկաբեկել թե քաղաքականությունը, թե հավատացյալ մարդու կերպարը: Ու զարմանալ պետք չէ, որ ընդամենը չորս տարի առաջ 500000 հետևորդ ունեցող առաջնորդն այսօր չի կարողանում գտնել անգամ հինգ մարդու` կուսակցական «վինետկայի» լուսանկար պատրաստելու համար:
Ամբողջ ողբերգությունն այն է, որ Րաֆֆին, չնչին բացառություններով, ընդդիմության հավաքական կերպարն է: Այն ընդդիմության, որը մամուլով, հրապարակում, խոհանոցում արմատական շեշտադրումներով անարգանքի սյունին է գամում Սերժ Սարգսյանին, սակայն հանդիպելուց` նետվում է վերջինիս գիրկը:
Եթե որոշ ընդդիմադիրներ դեռ պահպանել են իրենց «կուսությունը», ապա դա նրանից է, որ առայժմ չեն հանդիպել Սերժ Սարգսյանին, որովհետև նման առիթ չի եղել կամ այնքան անարժեք են, որ Սարգսյանը նրանց հետ «ողջագուրվելու» ցանկություն անգամ չունի: Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը բացահայտել է մեր ընդդիմադիրների դեմքը, երբ վերջիններս հրմշտում էին իրար` գործող նախագահի հետ լուսանկարվելու համար: Չենք էլ բացառում, որ Րաֆֆին Ստեփանակերտ էր հասել` Սերժ Սարգսյանի հետ ողջագուրվելու նպատակով: Սարգիս Արծրունի










































