Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:
Վարչապետը նախ անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ և համապատասխան ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:











































