Կիրակի Եգիպտոսում ոստիկանության և տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է ավելի քան 240 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայության իր աղբյուրներին:
Կիրակի «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները ցույց են անցկացրել Դելգա քաղաքում՝ Կահիրեից 300 կմ հարավ: Երբ ցուցարարները մոտեցել են ոստիկանական տեղամասին, բախումներ են սկսվել: Ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, ի պատասխան՝ վերջիններս կրակ են բացել:
Ուրբաթ համանման բախումների հետևանքով երկրում զոհվել է 4, տուժել 14 մարդ:
Հիշեցնենք, որ Օրինականության աջակցման ազգային միությունը, որին անդամակցում են Մուրսիի կողմնակիցները, հոկտեմբերի 4-ին հայտարարել է ամբողջ Եգիպտոսով մեկ անժամկետ ակցիայի մասին:







































