Այսօր ՀՀ Հանրային խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի կոլեգիան հրավիրել էր ընդլայնված նիստ, որպեսզի քննարկի գիտության ոլորտում տրվող դրամաշնորհների հետ կապված հարցերը:
Նիստի սկզբում ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանը նշեց, որ իրենց նպատակը ոչ թե դրամաշնորհների վերաբերյալ օրենքի քննարկումն է, այլ թե ինչքանով են արդյունավետ օգտագործվում հատկացված միջոցները, ինչ խնդիրներ կան, ամփոփել առաջարկությունները և ներկայացնել պետական մարմիններին:
Քննարկմանը մասնակցող մաթեմատիկոս Գրիգոր Բարսեղյանը, լսելով քննարկման նպատակը, հարց ուղղեց Արտյուշա Ղուկասյանին, թե ինչո՞ւ չի քննարկվում այդ օրենքը, որն, ըստ նրա, «գենոցիդային» օրենք է:
«Հայ ժողովրդի հետագա գենոցիդը այդ օրենքի միջոցով է իրականացվելու, ինչի՞ չեք քննարկում այդ օրենքը»,- բղավում էր Բարսեղյանը:
Սակայն ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ու Արտյուշա Ղուկասյանը նշեցին, որ այսօրվա օրակարգում օրենքի քննարկումը նախատեսված չէ և առաջարկեցին ծրագրված թեմաների վերաբերյալ արտահայտվել և առաջարկություններ ներկայացնել:









































