Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 42 տարեկանում դիմել է հոգեվերլուծաբանի օգնությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է La Stampa-ն, հովվապետն անձամբ է պատմել ֆրանսիացի սոցիոլոգ Դոմինիկ Վոլթոնի հետ հարցազրույցում, ով հրատարակման է պատրաստում «Քաղաքականությունն ու հասարակությունը» (Politique et societe) գիրքը՝ հիմնված քահանայապետի հետ զրույցների վրա։
«Ես խորհրդատվության համար դիմել եմ հրեա հոգեվերլուծաբանի»,-Ֆրանցիսկոսի խոսքերն է մեջբերում պարբերականը։ «6 ամսվա ընթացքում ես շաբաթական մեկ անգամ գնացել եմ նրա տուն՝ որոշ բաներ պարզաբանելու համար»։ Պապն ընդգծել է, որ մասնագետը ոչ մի անգամ չի մերժել իրեն, իսկ մահից առաջ զանգահարել է ապագա պապին՝ «հոգևոր զրույցի» համար։
«Նա լավ մարդ էր։ Երբ 42 տարեկան էի, նա շատ է օգնել ինձ ամբողջ 6 ամիսների ընթացքում»,-նշել է Ֆրանցիսկոսը։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գիրքը կթողարկվի սեպտեմբերի 6-ին։









































