«Հոկտեմբերի 9-13-ը ԵԽԽՎ լիագումար նիստն է, և օրակարգի առաջին հարցը Պեդրո Ագրամունտի, ով այլևս դե յուրե ԵԽԽՎ նախագահը չէ, հարցով քվեարկությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Մեր զրուցակիցը վստահ է, որ այդ քվեարկությունը տեղի կունենա, և ԵԽԽՎ-ն կունենա նոր նախագահ. «Այս պահին դեռևս նոր նախագահը կլինի ԵԺԿ խմբակցությունից»:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում է նաև Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից եվրապատգամավորներին կաշառելու փաստերին՝ նա ասաց. «Մի կարծեք, թե եվրոպացի պատգամավորները բոլորը Լուսնից են իջել և բոլորի կրծքին կարելի է «հրեշտակ» տաբլիչկան կպցնել: Ոչ, այդպես չէ, ցավոք սրտի, շատ դեպքերում քո ճշմարտությունը ոչինչ է դոլարի դիմաց»:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի առաջարկությանը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եկեք Կիկոսի պատմությունը չսարքենք. երբ «Ելք» դաշինքը միասնական կարտահայտի իր դիրքորոշումը, այդ ժամանակ մենք կքննարկենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































