Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Ռշտունու նախագահությամբ սկսվում է Արտաշես Արշակյանի և Գայանե Հայրապետյանի գործի դատավարությունը:
Արտաշես Արշակյանը Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնում պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման նախորոշման բաժանմունքի պետն է եղել:
Ըստ մեղադրանքի՝ Արշակյանը նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանի հետ: Արշակյանն ու Հայրապետյանը զինկոմիսարիատում արդեն իսկ հաշվառված Հ. Կիրակոսյանից՝ վերջինիս հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք և հետագայում զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով պահանջել ու ստացել են 1000 դոլար:
48-ամյա Արտաշես Արշակյանին և 50-ամյա Գայանե Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1, 5-րդ կետերով:
Ամբաստանյալների խափանման միջոցը կալանավորումն է:









































