Այսօր սեպտեմբերի 1-ն է: Ավելորդ են մեկնաբանությունները և բացատրությունները, թե ինչ օր է այսօր, այսինքն ինչ է սեպտեմբերի 1-ը: Դրա մասին ասվել ու գրվել է յուրաքանչյուր տարի և պետք է արձանագրել, որ ամեն տարի նույն օրը պարզապես կրկնվում են սեպտեմբերի 1-ի անկրկնելիության մասին հուզական գրառումներն ու պաթոսը, նաև կրկնվում է քաղաքական PR-ի այն պտույտը, որ գործում են պետական պաշտոնյաները այցելելով այս կամ այն դպրոց և խոսելով կրթության, գիտության, գիտելիքի կարևորության մասին: Հետո մամուլը նրանցից հարցազրույցներ է վերցնում, որտեղ նրանք պատմում են իրենց դպրոցական պատմություններից: Եվ այսպես ամեն տարի:
Կրկնվող այդ «անրկրկնելիության» մեջ սակայն կա նաև մի բան, որի մասին էլ կարծես թե քիչ չի խոսվում, բայց որը թերևս միակն է, որ եթե շարունակում է լինել, ուրեմն որքան էլ խոսվի՝ քիչ է; Խոսքը Հայաստանում այն երեխաների մասին է, որոնք չունեն դպրոց հաճախելու, սեպտեմբերի 1-ն իրենց կյանքում էլ տոն դարձնելու հնարավորություն, որոնց ծնողները, ընտանիքները չունեն սոցիալական այնպիսի ապահովություն, որ իրենց երեխաների համար դպրոցական առաջին մուտքը դարձնեն հիշարժան: Իսկ Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի երեխաներ:
Եվ եթե Հայաստանում կան այդպիսի երեխաներ, սեպտեմբերի 1-ն էլ ինչ տոն: Եթե այդ օրը գեթ մեկ երեխայի համար դառնում է հոգեբանական սթրեսի պատճառ՝ իսկ դպրոց հաճախելու սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների համար սեպտեմբերի 1-ը հենց հոգեբանական սթրեսի պատճառ է, ուրեմն օրը մյուսների համար դադարում է տոն լինել և վերածվում է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խնջույքի:
Եվ թե ժանտախտի, ու թե խնջույքի պատասխանատուն տվյալ դեպքում մեկն է՝ իշխանությունը: Այն իշխանությունը, որը սեպտեմբերի 1-ին նախորդող գրեթե ամբողջ օրը տեղեկատվական հոսքերը փորձում էր լցնել տնտեսական զարգացման և աճի մասին ինչ որ թվերով, որի էկոնոմիկայի նախարարը փորձում էր հայտարարել, թե նախորդ կառավարությունների ժամանակ չի եղել այդպիսի բան:
Բոլոր կառավարությունների ժամանակ եղել է դպրոց հաճախելու սոցիալական խնդիր ունեցող, սեպտեմբերի 1-ը տոնի փոխարեն սթրես ապրող երեխա, երեխաներ, և կան այդ երեաները նաև այսօր, որոնք ունեն օգնության կարիք: Բազմաթիվ երեխաներ, և այդ հանգամանքը ուղղակիորեն ջնջում է որևէ կառավարության որևէ այլ վիճակագրություն տնտեսական աճի կամ չգիտես ինչի մասին: Որովհետև այդ կառավարությունների ղեկավարները՝ վարչապետները, եթե իրենց ունեցվածքի թեկուզ չնչին տոկոսը տրամադրեին այդ երեխաներին, սեպտեմբերի 1-ը կարող էին տոն դարձնել նրանց համար, և նրանց համար կրթությունը դարձնել հոգեբանական վերելքի, ոչ թե անկման գործնթաց:
Ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում միանգամայն հնարավոր և իրատեսական է լուծել գեթ այդ մեկ խնդիրը, որ սահմանվի «դպրոցական ապահովության» նվազագույն շեմ և չլինի այդ շեմից ցածր գտնվող գեթ մեկ երեխա: Ամբողջ խնդիրը այն է, որ Հայաստանում առ այսօր չափազանց բարձր է մնում իշխանական երեսպաշտության շեմը և շատ ցածր՝ իրական պատասխանատվությունը դպրոց մտնող սերնդի առաջ:
Լուսանկարը՝ blognews.am-ի










































