Այսօր հայտնի դարձավ, որ վերջերս Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի ռեժիմը փոխվել է: Նրա կիսաբաց ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով:
Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հրաչյան արդեն տեղափոխվել է իր համար հատկացված սենյակ, և շուտով, աշխատանք գտնելուց հետո նա կկարողանա գնալ աշխատանքի, գնալ տուն, իսկ երեկոյան արդեն գնալ քրեակատարողական հիմնարկ:
Վիկտոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր տեսակցել է իր փեսային, նա շատ ուրախ է եղել ռեժիմի փոփոխության համար, սակայն վերջինիս հանգիստ չեն տալիս առողջական խնդիրները: Դրանք օր օրի ավելի են սրվում և, Մարտիրոսյանի խոսքերով՝ վիրահատություններն անխուսափելի են և անհրաժեշտ:
Վիկտոր Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ Հրաչյա Հարությունյանին երեք վիրահատություն է անհրաժեշտ: Պետք է հեռացվի թևի տակ առկա ուռուցքը, ողնաշարի ճողվածքի և սրտի վիրահատություն պետք է կատարվի, որը շատ բարդ է լինելու, քանի որ անոթների հետ կապված ևս խնդիր կա: «Շատ ծանր վիճակ է: Վիրահատությունը անխուսափելի է: Գնալով Հրաչյայի վիճակն ավելի է բարդանում: Նրան օգնություն է պետք: Բոլորը շատ լավ գիտեն, որ Հրաչյայի ընտանիքը շատ ծանր վիճակում է ապրում, նրանք ի վիճակի չեն հոգալ վիրահատության ծախսերը: Դրա համար ես հաշվեհամար եմ բացել և խնդրում ու ակնկալում եմ, որ բարի մարդիկ ևս մեկ անգամ կօգնեն այդ խեղճ ընտանիքին: Այս ընթացքում շատ լավ ու բարի մարդիկ են սատար կանգնել Հրաչյային, օգնել նրան: Խնդրում եմ՝ այս անգամ էլ ձեռք մեկնել նրան: Այս անգամ նրա կյանքի հարցն է: Վիրահատությունների համար մոտ 10 հազար ԱՄՆ դոլար գումար է հարկավոր»,- ասաց Մարտիրոսյանը և մեզ փոխանցեց իր կողմից բացված հաշվեհամարն ու հեռախոսահամարներ, որով օգնել ցանկացողները կարող են զանգարաել և փոխանցել իրենց օգնությունը: Գումարային օգնությունից զատ, մարդիկ կարող են Հրաչյա Հարությունյանին օգնել նաև աշխատանքի տեղավորվելու հարցում:
11814006793500 «Անելիք» բանկ, Վիկտոր Մարտիրոսյան
055221243, 077313453 Վիկտոր Մարտիրոսյան
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հայաստանյան դատարանում Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր ճանաչեց միայն կանոնները խախտելու մեջ:










































