Թուրքիան պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ավագ սերժանտ Ահմեթ Դողանի ինքնասպանության գործով դատը:
Դատարանը վճռել է, որ 2003 թվականի նոյեմբերի 12-ին Թուրքիայի Բիլեջիքի Ժանդարմերիայի ուսումնական գումարտակում ավագ սերժանտին դրդել են ինքնասպանություն գործել:
Ըստ դատարանին ներկայացված փաստարկների՝ ինքնասպանությունից մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 9-ին սերժանտը եղել է հոգեկան ծանր վիճակում: Նա ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել լեյտենանտ Ի. Ա.-ի հետ և վերջինս էլ հենց Ահմեթ Դողանին դրդել է ինքնասպանության: Վճռում մասնավորապես շեշտվել է, որ Դողանը ծառայությունն անցկացրել է աշխատանքային ծանր պայմաններում, ինչն էլ նրան կարող էր ինքնասպանության դրդել, հայտնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ վերոնշյալ գործով Ահմեթ Դողանի կինը՝ Յասեմին Դողանը, դիմել էր թուրքական դատարան և փոխհատուցման հայց ներկայացրել: Սակայն թուրքական դատարանը մերժել էր նրա հայցը, ինչից հետո վերջինս դատը տեղափոխել է ՄԻԵԴ:
ՄԻԵԴ-ը շուրջ 13 տարի տևած դատավարության արդյունքում վճռել է Թուրքիային դատապարտել 20 հազար եվրո փոխհատուցման:










































