Սերժ Սարգսյանը այսօր ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել են պաշտպանության մասին օրինագծեր՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններից բխող նոր իրողություններով: Սերժ Սարգսյանը հայտարարել է նիստի սկզբում, որ օգոստոսի 30-ից սկսվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված այդօրինակ օրինագծերի քննարկումների շարքը: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն ազդարարում է գործնականում անվտանգության խորհրդի նիստերի շարքի մեկնարկի մասին: Մի կողմում իհարկե այդ նիստերի ֆորմալ օրակարգն է, մյուս կողմում, անշուշտ, դրանց քաղաքական համատեքստը և նշանակությունը, քաղաքական նպատակադրումը:

Այստեղ իհարկե նիստերի թիրախավորումը քաղաքական իմաստով բաժանվում է թերևս երկու մասի՝ արտաքին և ներքին: Թե ինչ արտաքին մարտահրավերների և ռիսկերի է արձագանքելու Սերժ Սարգսյանն ԱԽ հաճախակիացած նիստերով, այստեղ, իհարկե, առավելապես կարող ենք լինել ենթադրությունների ոլորտում, թեև հստակ է հարցերի այն շրջանակը, որ կա այդ ոլորտում: Բանն այն է, որ այստեղ իհարկե բավական մեծ է խորհրդապահական բաղադրիչը, և շատ դժվար է տեղեկատվության թերևս ահռելի մասի փակ բնույթի պայմաններում ճշգրտորեն գնահատել հնարավոր թիրախները, որ պետք է սպասարկի Սերժ Սարգսյանն ԱԽ հաճախակի նիստերով: Ավելի պարզ է իրավիճակը թերևս ներքին կյանքում: Այստեղ անկասկած է, որ Սերժ Սարգսյանի համար ԱԽ նիստերը լինելու են առանցքային բաղադրիչներից մեկը այն գործիքակազմի, որով նա փորձելու է վերահսկողության տակ պահել 2018-ի վարչապետի և կառավարության խնդրի լուծումը, իսկ հետո նաև դրան հաջորդելիք անխուսափելի դիրքային արդեն տևական պայքարը, որ սպասվում է իշխանության ներսում արդեն 2022 թվականի ստատուս-քվոյի համար:

Անվտանգության խորհուրդը այս դեպքում, անկասկած, Սերժ Սարգսյանի այսպես ասած առաջնորդությունն ընդգծող կարևոր հարթակներից մեկն է, առավել ևս, որ նա իր քաղաքական պլաններում՝ դրանց անորոշությամբ հանդերձ, շեշտը դնում է անվտանգության խնդիրների վրա և դրանց վրա կառուցում իր այսպես ասած անփոխարինելիության «գաղափարը»: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը գործնականում սկսում է նաև Անվտանգության խորհրդի այսպես ասած «ռասկրուտկան», հաշվի առնելով այն, որ 2018-ի ապրիլից հետո այդ Խորհուրդը Սահմանադրության նոր բովանդակության պայմաններում ունի ոչ թե խորհրդակցական՝ ինչպես նախկինում, այլ որոշում կայացնող մարմնի կարգավիճակ: Այլ կերպ ասած՝ ԱԽ-ն գործնականում կարող է դառնալ զուգահեռ կառավարություն, որն ընդ որում այդքան էլ հաշվետու չէ խորհրդարանին: Իսկ դա նշանակում է, որ ԱԽ նախագահի պաշտոնը գործնականում դառնում է զուգահեռ «վարչապետական» պաշտոն: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը սկսում է իշխանական համակարգին ու հանրությանը այսպես ասած սովորեցնել այդ զուգահեռ իրականությանը:










































