Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբաննազար Նազարովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Նազարովը զգալի ներդրում կունենա հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Թուրքմենստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը՝ ասել է, որ անցած տարի Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պաշտոնական այցելությունը Հայաստան նոր լիցք է հաղորդել երկկողմ հարաբերություններին, և գոհունակությամբ շեշտել է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նազարովը վստահեցրել է, որ կանի առավելագույնը բարեկամ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության շարունակական առաջընթացն ապահովվելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադրաձել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Աշգաբադում վերջերս կայացած նիստին, և երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացմանը։









































