Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Թեղուտի հանքավայրի տարածքից հատված վառելափայտը և շինփայտը պաշտոնատար և նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացնելու դեպքի առթիվ:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2011թ. հունվար ամսից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձինք Թեղուտի հանքավայրի տարածքից «Կ-Արաստ» ՍՊ ընկերության կողմից հատված եւ պայմանագրով ընդհանուր առմամբ ստացված 1285.5 խմ վառելափայտից եւ 27.27 խմ շինփայտից յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 5,697,516 դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափի 529.5 խմ վառելափայտ և 7.27 խմ շինփայտ:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:








































