Բջջային սարքավորումներ արտադրող HTC թայվանական ընկերությունը 2013 թ. 3-րդ եռամսյակում 100 միլիոն դոլարի մաքուր վնաս է կրել 2012 թ. նույն ժամանակահատվածի 136,24 միլիոն դոլար մաքուր եկամտի դիմաց: Այս մասին տեղեկացրել է ընկերության մամլո ծառայությունը:
HTC-ի օպերացիոն վնասները հաշվետու եռամսյակում 120 միլիոն դոլար են կազմել՝ անցած տարվա այդ ժամանակահատվածի 166,89 միլիոն դոլար եկամտի դիմաց:
2013 թ. 3-րդ եռամսյակում հասույթը նվազել է 1,5 անգամ և 1,6 միլիարդ դոլար է կազմել՝ 2012թ. նույն ժամանակահատվածի 2,39 միլիարդ դոլարի դիմաց:
Bloomberg-ի տվյալներով՝ 2008 թ. սկսած՝ սրանք ընկերության վատագույն ցուցանիշներն են:
HTC-ի բաժնետոմսերի արժեքը վերջին 12 ամիսներին նվազել է 50 տոկոսով, հիշեցնում է BBC-ն:
HTC-ն առաջին ընկերությունն էր, որը Google-ի Android օպերացիոն համակարգով սմաթֆոններ թողարկեց: Սակայն հետագայում այս ոլորտում առաջատար դարձավ հարավկորեական Samsung-ը: Ինչպես նաև HTC-ն առաջինն էր, որ սարքավորումներ արտադրեց Windows օպերացիոն համակարգով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, ընկերությունը մտադիր չէ հետագայում Windows-ով աշխատող սմարթֆոններ թողարկել: Միևնույն ժամանակ Microsoft-ն ընկերության հետ ակտիվ բանակցում է՝ միաժամանակ Android-ով և Windows-ով աշխատող սարքեր թողարկելու վերաբերյալ:










































