Լիբիայի իշխանությունները հայտարարել են հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին, որոնց խնդիրը կլինի պաշտպանել դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մուհամադ Աբդել-Ազիզը՝ մեկնաբանելով Տրիպոլիում ռուսական դեսպանատան վրա հարձակումը:
«Մենք նախատեսում ենք ստեղծել հատուկ ուժեր, որոնք նախատեսված են դեսպանատների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Աբդել-Ազիզը:
Նրա խոսքերով՝ իրենք սկսել են մշակել համալիր ռազմավարություն՝ Տրիպոլիում դիվանագիտական առաքելությունների պաշտպանության համար:
«Հույս ունեմ, որ դա արագ կիրագործվի: Ինչպես հայտնի է հեղափոխության ժամանակաշրջանից, պետություն ստեղծելը բարդ խնդիր է: Մենք փորձառու կադրերի և ժամանակակից սպառազինման կարիք ունենք՝ այս խնդրի իրագործման համար»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան Լիբիայում հարձակում էր իրականացվել Ռուսաստանի դեսպանատան վրա, որոշվել է երկրից տարհանել ռուս դիվանագետներին:








































