Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, սկսված է անցյալ տարի Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով դատաքննությունը: Այսօր մեղադրյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանում մեղադրանքը պաշտպանող Լոռու մարզի դատախազության դատախազ Աշոտ Գրիգորյանի դեմ:
Պաշտպանական կողմը «ողջամիտ» կասկած ունի, որ մեղադրողն անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ չէ, շահագրգիռ է քրեական գործով անցնող ամբաստանյալներին մեղավոր ճանաչելու և խստորեն պատժելու: Նշվեց նաև, թե ինչն է պաշտպանական կողմի համար նման ենթադրություններ անելու հիմք հանդիսացել. նախաքննությունն ընթացել է պաշտպանական իրավունքի բազմաթիվ ակնհայտ խախտումներով, և արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:
Պաշտպանական կողմը նկատում է, որ այդ այդ խախտումները չէին կարող աննկատ մնալ փորձառու իրավապահների տեսադաշտից, իսկ եթե չեն նկատել, նշանակում է՝ կողմնակալ են, ուստի չեն կարող մեղադրանքի պաշտպանության դիրքերից մասնակցել քրեական գործով վարույթին: Բացարկով պաշտպանական կողմը նաև նպատակ ունի դատաքննության հենց սկզբում իր դիրքորոշումը հայտնել դատարանին, թե ինչպես է վերաբերվում նման աշխատաոճ որդեգրած դատախազության աշխատակցի նկատմամբ:
Ներկայացված բացարկի վերաբերյալ դատախազ Գրիգորյանին տրվեց դիրքորոշում հայտնելու հնարավորություն: «Ինձ մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու փոխարեն՝ պաշտպանական կողմը իր առջև նպատակ է դրել պաշտպանել բոլոր միջոցներով` օրենքով նախատեսված և չնախատեսված: Ես չեմ զարմանա, որ վաղը այս դահլիճում հայտնվեն վկաներ, որոնք փորձեն գլխիվայր շրջել գործը»,- ասաց Գրիգորյանը և դատարանից ժամանակ խնդրեց՝ բացարկին պատասխանելու համար:
Ի պատասխան դատարանի դահլիճում հնչեցրած դատախազի այս հայտարարությանը` փաստաբան Ռուբեն Հակոբյանը նկատեց. «Պաշտպանական կողմը ոչ թե օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի, այլ օրենքով չարգելված ցանկացած միջոցով, և մենք ընդամենը վկայակոչեցինք այն իրավունքի խախտումները, որոնք վերագրված էին մեղադրյալներին, և որոնց իրացման համար մեղադրող կողմը հնարավորություններ չի ստեղծել: Իսկ բացարկ հայտնելը օրենքով նախատեսված իրավունք է, և մենք մեր կարծիքն ենք հայտնում»,- ասաց պաշտպանը` ավելացնելով, որ անձամբ ճանաչում է դատախազ Գրիգորյանին, որը, սակայն, այս գործով բոլորովին այլ վարքագիծ է դրսևորում:
Մեղադրյալ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանն էլ, անդրադառնալով դատախազի մյուս արտահայտությանը, թե պաշտպանական կողմը կարող է նոր վկաների ներգրավել դատաքննության փուլում, ասաց. «Հարգելի մեղադրող, դատավարությունը ՀՀ-ում մրցակցային է, և մեղադրող կողմը ոչ մի առավելություն չպետք է ունենա, որ միայն իր վկաները դատարանում հարցաքննության բերվեն: Պարզեիք այդ անձանց ինքնությունը, այսօր մեղադրող կողմից այդ վկաները հարցաքննության կանչվեին: Պաշտպանական կողմը ընդամենը օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացնում»:
Դատախազին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել փաստաբաններին դասախոսության համար:
Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել, վերանշանակել մեկ այլ օր` մեղադրողին բացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 10-ին` ժամը 14.00-ին:









































