«ՀՀ-ն ընդհանրապես այս 25 տարվա մեջ քաղաքաշինություն այդպես էլ չունեցավ։ Ես դեմ չեմ, որ միգուցե պետք էր այդպիսի շենք, բայց ով է որոշել, որ այդ շենքը պետք է բարձրահարկ լինի կամ չլինի, բնակելի լինի կամ ոչ, և այլ նման հարցեր․ կարծում եմ, որ բոլորիս համար էլ պարզ է, որ՝ ոչ ոք, այսինքն՝ ինչ-որ մեկը մատը դրել է այդ հողատարածքի վրա և ասել է, որ ինքն այդտեղ ուզում է շենք կառուցել, և նրա հնարավորություններն էլ բավարարել են, որպեսզի անցկացնի այդ որոշումը համապատասխան ատյաններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը՝ անդրադառնալով Արամի 32 հասցեում իրականացվելիք շինարարությանը։
Նշենք, որ Արամի 32 հասցեում փակցված պաստառի վրա նշված է, որ կառուցապատողը «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն է, ինչպես նաև վրան նշված է քանդման թույլտվության ամսաթիվը։

«Ես գնահատական չեմ տալիս այդ շենքի տեսքին, որ այն լավն է կամ վատը, միգուցե դրա լուծումներն ինձ դուր չեն գալիս, և ես այն ուրիշ ձևով եմ պատկերացնում, բայց դրա համար պիտի լինի մրցակցություն ստեղծագործական «կուսակցությունների», իրենց գաղափարների միջև, որը մենք այսօր չունենք, որովհետև այդ դաշտը մեզանում գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատելու բուն շենքը և ասելու, որ այն այլանդակություն է գծված, պարզապես կասեմ, որ այդ շենքը զուտ իր տեղում չի, Փոքր Կենտրոնը դրա տեղը չի»,- հավելեց ճարտարապետը։
Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին, որը, հիշեցնենք, նախատեսվում է կառուցել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում, Արսեն Կարապետյանը նշեց. «Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի այդ նախագիծը և դրա ճակատագիրը, որովհետև մենք արդեն կորցրել ենք այդ պատմական շերտը: Նախ՝ պետք չէր այն քանդել, բայց քանի որ արդեն քանդած է, ապա պետք է այն մոռանալ և, ըստ իս, կառուցել նոր և ժամանակակից շենքեր այդ հատվածում… սրճարաններ կամ խաղատներ կան, որ Վենետիկի կամ այլ քաղաքների նման են, բայց հո նույնը չեն, այսինքն՝ նմանատիպ արհեստական միջավայր է լինելու․կարող ա հաճելի լինի ժամանակ անցկացնել այդտեղ, բայց ոչ պատմական, ոչ մշակութային տեսանկյունից դա որևէ արժեք չունի, ընդամենը դեկորացիա է, որը հետո կարող է փոխվել»։

Ճարտարապետի հետ զրույցում անդրադարձանք նաև քաղաքի խիտ կառուցապատմանը, պատկան կառույցների կողմից ոչ պատշաճ կերպով վերահսկողություն իրականացնելուն և մի շարք այլ խնդիրների։
Մանրամասները՝ տեսանյութում։











































