Aravot.am-ը հրապարակել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա ուղարկել էր 1998 թ. հունիսին: Aravot.am-ի տրամադրության ներքո է հայտնվել նաև Սամվել Բաբայանի նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:
Ի տարբերություն առաջին նամակի, որից հատվածներ ժամանակին լույս տեսել են՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որքան մեզ հայտնի է, չի հրապարակվել:
Ուստի aravot.am-ը նախապես մեկնաբանություն է խնդրել Վազգեն Սարգսյանի եղբորից՝ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից:
Նա ասել է. «Թեև Վազգեն Սարգսյանը պահում էր բոլոր նամակները, և դրանք պահպանված են իր արխիվում (ընդ որում՝ պահպանված են ավելի քիչ հիշարժան բնույթի նամակներ)՝ այս մի նամակը չկա»:
Ներկայացնում ենք նամակից մի հատված:
Հարգելի պարոն նախարար
Մեր զրույցը՝ երես առ երես, այդպես էլ չկայացավ (թեև դա գուցե արդեն նշանակություն էլ չունի): Չկայացավ նախ երևի հենց այն պատճառով, որ «ասում եք մի բան, մտածում այլ բան»: Ես դրանում ավելորդ անգամ համոզվեցի: Երբեք ինքս չեմ սիրել ու չեմ սիրում կեղծելն ու խաղալը՝ «թիմի մեջ», թե անհատապես: Գերադասել եմ միշտ պարզ ու անմիջական վերաբերմունք և նույնն էլ իրավունք եմ ունեցել սպասել դիմացինից:
Միշտ անձամբ Ձեր կողքին եմ եղել. ինձ համար, խոշոր հաշվով ու վերջին հաշվով, չի եղել ո՛չ ԼՂՀ, ո՛չ ՀՀ նախագահին ենթարկվել-չենթարկվելու խնդիր. ազգային գերխնդիրն է եղել իմ առաջ: Դուք էլ չեք հանդիսացել ընդամենը ՀՀ պաշտպանության նախարար, ի՛մ նախարար. Ձեր մեջ տեսել եմ նախ ամենաավագ եղբոր, ազգին նվիրված հայի, ազգի հերոսի: Համաձայնեք՝ դա շատ ավելի բարձր, բայցև պարտավորեցնող է սոսկական «նախարարի» պաշտոնից ու դերից: Ինքս էլ ինձ այստեղ, թե այլուր համարել եմ բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ամեն դեպքում միշտ էլ հարգել ու հարգելու եմ Ձեզ: Ով ինչ ասում-բամբասում է կամ խոսում-բացատրում, իր խնդիրն է, ո՛չ իմ: Հուսով եմ՝ նաև ո՛չ Ձեր:
Արդեն մի քանի անգամ, մասնավորապես՝ 1996թ. ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստում զգացել եմ, որ Արցախին Հայաստանի իշխանությունները վերաբերվում են որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի»: Դուք էլ զգացիք դա, բայց տոն չտվեցիք: Ես էլ շարունակել եմ համբերել. մտածել եմ հանուն ազգային շահերի զսպել իմ, թեկուզ արդարացի, ընդվզումն ու ոչ պակաս ազգանպաստ պահանջները:
Վերջին ժամանակներս վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ՝ «Ձեզ մոտ», հատուկ քաղաքականություն է որդեգրվել անվստահության հողի վրա. ես, համենայնդեպս, չեմ կարող ու չեմ էլ ուզում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինձ խաբում են ու չեն վստահում ինձ: Ամեն ինչ արել եմ, որ հատկապես մեր միջև և մեր ընդհանուր գերխնդրի հաջող լուծման համար որևէ թյուրիմացություն կամ խարդավանքներ (ինտրիգներ) չհարուց(վ)են. շեշտում եմ, որ ոչ մի պաշտոնական գերիշխանություն ու հեղինակություն չեն եղել ինձ համար՝ բացի Ձեզնից: Մինչդեռ իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարևորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել.
ա) թուրքը,
բ) ԼՂՀ իշխանությունները,
գ) ՀՀ իշխանությունները,
դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը:









































