Հոկտեմբերի 4-ին Հայաստանի և Ավստրալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարել են հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ավստրալական կողմից Ավստրալիայի Արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի Եվրոպայի վարչության պետ Ջերեմի Նյումանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական շփումների և միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արդի միջազգային և տարածաշրջանային իրավիճակների շուրջ:
Ավստրալական կողմին բազմակողմ ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայկական կողմի մոտեցումները:











































