Արաբագետ Լիլիթ Հարությունյանի գնահատմամբ՝ արաբական, իսլամական երկրներում ապրող հայ համայնքները ընդհանրապես գերադասում են կայունությունը, քան որևէ փոփոխություն, քանի որ դրանք իրենց հետ բերում են անկայունության և անհանգստության զգացողություն:
Լիլիթ Հարությունյանին խնդրել էինք անդրադառնալ վերջերս շրջանառվող այն լուրերին, թե սիրիահայերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Բաշար Ալ-Ասադի իշխանությանը և նրա վարչակարգը համարում են լավագույնը. «Սիրիայում հայ համայնքը և նաև այլ ազգային փոքրամասնություններ այսօր, համենայն դեպս, խնդիրներ չունեն Բաշար Ալ-Ասադի վարչախմբի հետ, և երևի միակ խնդիրն այն է, որ փորձում են պահպանել կայունությունը և այն, ինչ ունեն, այսինքն՝ ցանկացած փոփոխություն նրանց համար ընկալվում է անկայունությանը միտված գործընթաց»,- կարծում է Լիլիթ Հարությունյանը:
Մեր հարցին՝ սա կարո՞ղ է նշանակել, որ սիրիահայերը կայունությունը գերադասում են ժողովրդավարությունից, արաբագետը պատասխանեց. «Ավտորիտար վարչակարգերում ապրող համայնքները ձևավորում են իրենց համապատասխան մտածելակերպը. դա շատ բնական է: Արևելյան հասարակությունները ավտորիտար ռեժիմի դեպքում փորձում են որոշակիորեն պահպանել իրենց դիրքերը»:
Լիլիթ Հարությունյանի կարծիքով, միայն այդ ձգտումներից ելնելով են սիրիահայերը փորձում սատարել Ասադին: Եվ բացի այդ, ըստ նրա, նման վարչակարգերում չենք կարող միանշանակ ասել, թե ապագայում իշխանության եկողները որքանով ժողովրդավար կլինեն. «Ընդհանրապես, պետք չէ իրավիճակը այնտեղ դիտարկել ժողովրդական շարժումների արևմտյան չափորոշիչներով»,- ասում է Լիլիթ Հարությունյանը:











































