«Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ աշխատանքային նախկին ռեժիմին անցնելու առաջարկությամբ, որ քառօրյան դառնա եռօրյա՝ նկատի ունենալով, որ հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք՝ որպես այդպիսին, չկա, և պատգամավորներն այդ օրն արդեն իսկապես հոգնած են:
Հոկտեմբերի 4-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու հարցով ԱԺ նախագահը պաշտոնապես պիտի դիմի խմբակցությանը, սակայն նման դիմում իրենք դեռ չեն ստացել: «Եթե նման դիմում լինի նախագահի կողմից, խմբակցությունը կքննարկի այդ հարցը: Ես խոսում եմ՝ առաջնորդվելով կանոնակարգ-օրենքի դրույթներով:
Դեռ չենք անդրադարձել այդ հարցին, գնահատական դեռ կտրվի, սակայն ես կարծում եմ՝ քաղաքական ամբիոնը լիարժեքորեն պետք է օգտագործվի քաղաքական հարցադրումների համար՝ հաշվի առնելով պետության առաջնահերթությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով ժամանակին Վիկտոր Դալլաքյանի կողմից Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած նույնատիպ արտահայտությանը, որին հետևեց Դալլաքյանին պաշտոնի նշանակումը, Հակոբյանը հրաժարվեց զուգահեռներ անցկացնել և կանխորոշումներ անել՝ արդյոք Փոստանջյանը ևս պաշտոն կստանա՞: Նա նշեց, որ չի պատրաստվում ենթադրություններին պատասխանել, իսկ եթե մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ արտահայտություններ, գնահատականներ են արել, ապա այդ մարդիկ այսօր էլ կան, կարելի է դիմել նրանց:
«Բոլոր խմբակցություններն իրենց ներկայացուցիչներով ընդգրկված են միջազգային պատվիրակությունների կազմում, բայց չեմ կարծում, թե իշխանությունն այս փաստը կարող է օգտագործել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդումների համար»,- ասաց նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Փոստանջյանի խոսքերը զրպարտանք կամ վիրավորանք որակելուն անդրադառնալով՝ Հակոբյանը նշեց, որ չկան այն չափորոշիչները, հատկապես՝ քաղաքական բառամթերքում կամ կանոնակարգում, որ ասեն՝ սա զրպարտանք է, սա վիրավորանք. յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչը:










































