Հոլիվուդյան դերասանուհի, օսկարակիր Նատալի Փորթմանը ներկայում գտնվում է իր հայրենիքում՝ Իսրայելում, որտեղ կսկսվեն Ամոս Օզի «Ասք սիրո ու խավարի մասին» ինքնակենսագրական վեպի հիման վրա ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս մասին հայտնում է Haaretz թերթը:
Այդ ֆիլմը կդառնա հայտնի դերասանուհու լիամետրաժ ռեժիսորական աշխատանքի դեբյուտը: Բացի դրանից՝ նա կմարմնավորի գլխավոր հերոսի հոգեկան հիվանդ մորը:
Թերթի տեղեկություններով՝ Փորթմանը կանգ է առել Թել Ավիվի հյուրանոցներից մեկում, որտեղ աշխատում է ֆիլմի սցենարի վրա: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հունվարին:
Тhe Jerusalem Film and Television Fund-ը, որը ֆինանսավորել է ամերիկա-իսրայելական նախագիծը, հուլիսին հաստատել էր ֆիլմի բյուջեն՝ 1.6 մլն շեքել:
Ֆիլմի սցենարի հեղինակը Նատալի Փորթմանն է, ով Իսրայելում կգտնվի նկարահանման ողջ ընթացքում:
Հաղորդվում է, որ ֆիլմը նկարահանվելու է եբրայերենով: