Վաշինգտոնում ոստիկանների կողմից սպանված կինը, ով փորձել էր «խոյահարել» Սպիտակ տան դարպասները, նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածը եղել է 34-ամյա Մարիամ Քերին, ով բնակվել է Կոնեկտիկուտի Ստեմֆորդ քաղաքում, աշխատել որպես ատամնաբույժ: Նա զինված չի եղել: Նրա Infinity սեդանի հետևի նստելատեղին երեխա է հայտնաբերվել, որին հոսպիտալացրել են:
Ամեն ինչ սկսվել է Սպիտակ տնից ոչ հեռու, երբ կնոջը շրջափակել են ոստիկանական մեքենաներն ու մի քանի զինված ոստիկաններ: Նա կտրուկ թեքվել է ու սկսել փախչել հետապնդումից: Կրակոցներով ուղեկցվող հետապնդումը շարունակվել է Փենսիլվանիա պողոտայով, այնուհետև Կապիտոլիումի շենքի շրջանաձև փողոցով, որից հետո կնոջը կրակել են:
Հիշեցնենք. հինգշաբթի երեկոյան տեղեկություններ էին ստացվել Սպիտակ տան և Կոնգրեսի շենքի մոտ կրակոցների մասին:
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բարաք Օբաման արդեն իրազեկվել է կատարվածի մասին: Քաղաքի ոստիկանությունում նշել են, որ միջադեպը դիտարկում են որպես առանձին դեպք, ոչ թե ահաբեկչություն:








































