Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում Վարդան Հարությունյանի նախագահությամբ սկսվում է Հովիկ Ղասաբօղլյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա սևանցի Հովիկ Ղասաբօղլյանը 2013 թվականի հուլիսի 15-ին, առավոտյան ժամը 5-ին Սևանի թերակղզում հանդիպել է երևանաբնակ Հեղնար Ա.-ին՝ ընկերների խմբի հետ:
Իմանալով, որ նրանք գիշերելու համար տնակ են փնտրում՝ Հովիկն առաջարկել է տնակ տրամադրել, սակայն, երևի, այնպես է առաջարկել, որ նրան մերժել են:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ղասաբօղլյանը տևական ժամանակ անհանգստացրել ու ծաղրել է Հեղնարին: Նա իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է մարդկանց, իսկ երբ Հեղնարը խնդրել է իրենց չանհանգստացնել, Ղասաբօղլյանը շուրջ 10 րոպե վիճաբանել է, քաշքշել Հեղնարին, հարվածներ հասցրել նրան:
Հովիկ Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:
Ամբաստանյալի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































