ՌԴ Կրասնոդար քաղաքի հիմնադրման 220-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամոյանը պաշտոնական այցով մեկնել էին Կրասնոդար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի շրջանակում Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը՝ Վլադիմիր Եվլանովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և քաղաքի տոնին մասնակցելու համար:
Արայիկ Քոթանջյանն իր հերթին Կրասնոդարի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքները և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:
Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են նաև Կրասնոդարի երկրամասի հայ և եզդի համայնքների ներկայացուցիչների հետ:











































