Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այսօր շտապ դեբատներ կանցկացնի Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ստրասբուրգում այս քննարկման նախաձեռնությամբ հանդես է եկել ռուս պատվիրակությունը՝ հայտնել է պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Վեհաժողովը ողջունում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման կուրսը և կոչ է անում խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով:
«ԵԽԽՎ-ն ողջունում է այն փաստը, որ Արևմուտքի՝ հարվածներ հասցնելու սպառնալիքի ֆոնին հաղթեց քաղաքական մոտեցումը, և ակտիվ դիվանագիտական ջանքերը թույլ տվեցին 2013-ի սեպտեմբերի կեսերին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնագիր կնքել՝ Սիրիայում քիմիական զենքի պահեստների ոչնչացման վերաբերյալ, և դրա հետ կապված ընդունել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը»,- ITAR-TASS-ը մեջբերումներ է արել փաստաթղթից:
Սակայն ԵԽԽՎ-ն նաև զգուշացնում է, որ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության պայմանավորվածությունը չի դադարեցնում պատերազմը, որը կարող է շարունակվել սովորական զենքերով:







































