Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն առաջին անգամ որոշել է չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր ելույթը՝ այն պատճառով, որ ՄԱԿ-ը չի կարողանում լուծել իսլամական աշխարհի և արաբական երկրների խնդիրները: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Էր-Ռիադը դժգոհ է ՄԱԿ-ի դիրքորոշումից՝ Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման և Սիրիայի ճգնաժամի հետ կապված:
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի մոտ դժգոհություն է առաջացնում այն, որ «որոշ երկրներ մենաշնորհ ունեն» ՄԱԿ-ի՝ որոշումներ ընդունելու նկատմամբ:
«Սաուդյան Արաբիայի իշխանություններն անհանգստացած են Սիրիայում տիրող իրավիճակից և ենթադրում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս իր ընդունած բանաձևով Դամասկոսին անվերջ բանակցությունների և Բաշար Ասադին քիմիական զենքից զրկելու մութ թունելի մեջ է ընկղմել՝ անտեսելով Սիրիայի ներկայիս ճգնաժամը»,- նշում է հեռուստաալիքը:








































