Հնդկացի ֆերմերն առաջին անգամ աճեցրել է գունավոր հատիկներով եգիպտացորեն: Ներկայումս յուրօրինակ եգիպտացորենի սերմերը կարելի է գնել համացանցում: Նշենք, որ դրանք մեծ պահանջարկ ունեն այգեգործների շրջանում:
Այս եգիպտացորենի առաջին բերքահավաքը եղել է Օկլահոմայում, որտեղ ֆերմեր Կարլ Բարնսը, ում նախնիները Չիրոկի հնդկացիական ցեղից էին, սկսել է հավաքել կարմիր հատիկները: Երկար տարիներ են անհրաժեշտ եղել, որպեսզի ֆերմերը կարողանա ստեղծել գունավոր հատիկներով եգիպտացորեն:
Իր մահվանից առաջ Բարնսը գունավոր եգիպտացորենի մշակման գաղտնիքները և սերմերը «փոխանցել է» ընկերոջը՝ Գրեգ Շենին՝ խնդրելով շարունակել իր գործը:
2010-ին էլ Շենը, ով միջոցներ չուներ ընկերոջ խնդրանքն իրականացնելու համար, սերմերը փոխանցել է Արիզոնայում ոչ մեծ ընկերության սեփականատեր Բիլ ՄաքԴորմանին:
Mail Online-ը գրում է, որ ներկայումս ՄաքԴորմանը գլխավորում է «Հարազատ սերմեր» ասոցիացիան, որը զբաղվում է բնիկ ամերիկացիների գյուղատնտեսական ժառանգության պահպանությամբ:
Կազմակերպությունն իր կայքում վաճառում է յուրօրինակ եգիպտացորենի սերմերը՝ մեկ տուփը 7.95 դոլարով:








































