Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթը առանձնակի որևէ հայտարարությամբ աչքի չընկավ: Չնայած Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամային իրավիճակին՝ Սերժ Սարգսյանի ելույթում այդպես էլ չեղավ նոր իրավիճակից գոնե մոտավոր ելքի ռացիոնալ առաջարկություն:
Հայտարարությունները, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը քաղաքական մասով, ոչինչ չասող են, որովհետև այդ մասին Հայաստանն ասում է արդեն քանի օր, և հազիվ թե Եվրոպայում որևէ մեկը մտածեր, որ, ասենք, արտգործնախարար Նալբանդյանը այդ մասին հայտարարում էր ի հակառակ Սերժ Սարգսյանի ցանկությունների և կարծիքի: Այլ կերպ ասած՝ արտակարգ իրավիճակում Սերժ Սարգսյանը ըստ էության հերթապահ ելույթ ունեցավ:
Այդ ելույթն այնպիսին էր, որպիսին կլիներ անգամ Մաքսային միության մասին հայտարարություններից հետո: Այսինքն՝ եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը ոչ թե սեպտեմբերի, այլ հոկտեմբերի 3-ին պատրաստվեր նման հայտարարություն անել, ապա Ստրասբուրգում ունեցած ելույթի տարբերությունը ընդամենը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանին այդ թեմայի մասին հարցեր չէին ուղղի, և նա ելույթի այդ հատվածը պարզապես չէր արտասանի: Իսկ դրանից Սերժ Սարգսյանի ասելիքը, մեծ հաշվով, ըստ էության չէր փոխվի:
Մնացյալ մասով՝ հայ-թուրքականի, ղարաբաղյանի, Հայաստանի ներքին բարեփոխումների, Սերժ Սարգսյանն ընդամենը կրկնվում էր, ընդ որում՝ դատելով ԵԽԽՎ պատգամավորների և հատկապես նախագահությունում նստածների դեմքի արտահայտություններից՝ կրկնվում էր բավական անհետաքրքիր կերպով:
Այդ իմաստով Սերժ Սարգսյանը երևի թե Ստրասբուրգում վերահաստատեց Եվրոպայի ստացած այն տպավորությունը, որ Հայաստանը չի կարող լինել հուսալի քաղաքական գործընկեր: Եվ սրա պատճառը բոլորովին այն չէ, որ երկիրը անդամակցել է Մաքսային միությանը կամ հայտարարել, որ, այսպես ասած, պոստսովետական տարածքից չի կարող կտրվել և չի կարող չմասնակցել այդ տարածքի աշխարհատնտեսական զարգացումներին:
Խնդիրը, ինչպես մենք առիթ ունեցել ենք նշելու, վերաբերում է երկրի պահվածքին ընդհանրապես, երբ երկար ժամանակ ասվում է մի բան, իսկ հետո արվում միանգամայն այլ բան: Սերժ Սարգսյանի ելույթում պետք է պարզ լիներ, թե արդյոք Հայաստանի իշխանությունները գիտակցե՞լ են իրենց քայլի այդ խորքային դեֆեկտը: Սակայն ելույթի բովանդակությունը վկայեց, որ այդ հանգամանքի գիտակցում չկա, և Սերժ Սարգսյանն, ըստ էության, փորձում էր շարունակել «ֆռռացնել» եվրոպացիներին, թե իբր մենք հենց սկզբից ասել ենք և այլն, և այլն:
Սրան ի պատասխան՝ Եվրոպան, իհարկե, Սարգսյանին ամոթանք կամ նախատինք չի հասցեագրի: Ավելին՝ նրա հետ կշարունակեն, իհարկե, աշխատել, առավել ևս, որ պարզ չէ, թե Հայաստանում էլ ում հետ կարող են աշխատել քաղաքական իշխանության պոտենցիալի իմաստով՝ այլաբովանդակ պոտենցիալի:
Սակայն այդ աշխատանքով հանդերձ՝ Եվրոպայի վերաբերմունքի մասով կպակասի մի շատ կարևոր գործոն՝ հարգանքի գործոնը: Սա չի նշանակում արտաքնապես անհարգալից վերաբերմունք: Արտաքին հարգանքը նույնիսկ կարող են ավելացնել: Հայաստանի հանդեպ հարգանքը կպակասի այն քաղաքական որոշումներում և ծրագրերում, որ տեղի են ունենում աշխարհում:
Այդ հարգանքի բացակայությունը վաղուց է առկա և նույնիսկ բացահայտ դրսևորումներ է ստացել Ռուսաստանի որոշումների կայացման կենտրոններում, և Հայաստանին միայն պակասում էր դրա բացակայությունը Եվրոպայում:










































