Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ յուրաքանչյուր պետության համար համաներումը սոցիալական, իրավական կարևոր նշանակություն ունի և միտված է համերաշխության ամրապնդմանը, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը:
Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում Հ.Աբրահամյանը հայտնեց, որ բարձր է գնահատում համաներման կիրառումը, կարծում է, որ այն շատերի կողմից սպասված քայլ էր: «Մեր քաղաքական գնահատականով՝ դա դրական քայլ է. այդ անձանց պետք է ուղղվելու, ժամ առաջ կանոնավոր կյանքի վերաինտեգրվելու հնարավորություն տալ, մանավանդ որ այն մեր քրիստոնեական մտածողությանը հարիր քայլ է: Այն խթանելու է հանդուրժողականության, համերաշխության, միասնականության մթնոլորտի բարելավումը, իսկ դրանք մեր առաջնահերթություններից են»,- ասաց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ համաներումը նաև սոցիալ-հոգեբանական նշանակություն կունենա, կլինի ուղղորդիչ այն անձանց համար, ովքեր ազատության մեջ հայտնվելով՝ կկարողանան իրենց ուժերը ներդնել ի նպաստ մեր երկրի զարգացման: Համաներման մասին որոշման նախագիծը մեր երկրում իրավաքաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական խնդիրներն էլ է ներառում, սակայն ուղղված է քաղաքացիական համերաշխությանը: Աբրահամյանը համոզված է՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թվով տասներորդ այս համաներումը դրական ազդեցություն կունենա մի շարք առումներով, այդ թվում՝ տնտեսության զարգացումը խթանելու համար: «Մեր երկիրը պետականաշինության մի շարք ոլորտներում նոր փուլ է թևակոխել և պետականությանը միտված ծրագրեր է իրականացնում, դրանց առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, հանդուրժողականության, վստահության, արդարության մթնոլորտի ձևավորումը: Կոչ եմ անում համաներմամբ ազատ արձակվածներին՝ իրենց ուժերը ներդնել ի բարօրություն մեր երկրի, պետականության, դառնալ հասարակության լիիրավ անդամներ՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը: Համոզված եմ, որ գործընթացը կուղղորդվի անաչառությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ Արդարադատության նախարարին դիմելով հատուկ կոչով՝ հանձնաժողովում ներգրավել նաև պատգամավորներին, ովքեր էլ հանրությանը կվստահեցնեն, որ գործընթացն անաչառ կլինի:








































