Մարտի 1-ի գործով պատասխանատուների, օլիգարխների ու ոստիկանության վրա նրանց ունեցած ազդեցության մասին թերթը զրուցել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ։
Խոսելով Մարտի 1-ի պատասխանատուների մասին և պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք՝ ինքը պատասխանատվության կանչվի՝ Ներսիկ Նազարյանը պատասխանել է. «Ոչ: Ոչ: Ոչ: Միանշանակ: Թող պատասխան տա էն մարդը, ով որ մեղավոր ա: Ես մասնակից եղել եմ, ես իմ տարածքում եմ եղել: էնտեղ նման դեպքեր տեղի չեն ունեցել»: Լրագրողի հիշեցմանը, թե Մարտի 1-ի դեպքերը Երևանում են եղել, ոստիկանապետը ասել է. «Չէ, քաղաքի հետ կապված չի: Էն տեղամասում, որտեղ եղել եմ ես, դա չի եղել, բայց չեմ ուզում դրանով ինչ-որ մեկին մեղադրել։ Նման իրավիճակներում գործելը շատ դժվար է, ով էլ լինի ղեկավար»։ Թե ինչ առաջընթացներ է տեսնում «Մարտի 1»-ի գործի բացահայտման ուղղությամբ, Ն. Նազարյանն ասել է. «Չէ, հիմա քննություն է տարվում լայնամասշտաբ: Ընթացքը կերևա, դեռ նոր են սկսել: Նոր վկաներ են փորձում ձեռք բերել, ականատեսներ են փորձում ձեռք բերել, և ինձ թվում է՝ աշխատանքները նորմալ կընթանան:
Ոստիկանության վրա օլիգարխների ունեցած ազդեցությանն անդրադառնալով՝ ոստիկանապետն ասել է. «Օլիգարխների ազդեցությունը չի կարող լինել ոստիկանության վրա, բացարձակ: Ես չեմ կարող ասել՝ ինչ է եղել, դա քննությունը կորոշի: Իհարկե, ես չեմ բացառում, որ մի ընկեր … Էդ օլիգարխ կոչեցյալները նաև մեր մանկության ընկերներն են. կարող է ինչ-որ մի հարցով դիմեն օգնելու, բայց եթե օգնելու հնարավորություն չկա. երբևիցե դա չի արվի»: «Ասել է թե՝ քաղաքի ոստիկանապետն ընկերություն է անում օլիգարխների հետ» թերթի հարցին ի պատասխան՝ Ն. Նազարյանը նշել է. «Չէ: Ինչի՞. ընկերներ կան, որոնց հետ մենք մեծացել ենք, որոնց հետ դեռ երբ որ ես չեմ եղել համակարգում, իրենց հետ սովորել եմ, աշխատել եմ: Համակարգում եմ եղել, նորից շփվել եմ: «Օլիգարխ» հասկացողությունն ի՞նչ ա՝ օլիգարխը հո հանցագործ չի՞: Օլիգարխը բիզնեսմեն է, որ նաև էսօր պատգամավոր է դարձել, այլ օղակներում պաշտոններ է ստանձնել: Օլիգարխը հո հանցագործ չի՞»:









































